Երեկ «Նիկո» ընկերության նախագահ Աշոտ Ն-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին` հայտնելով, որ ժամը 16.30-ի սահմաններում մի քանի երիտասարդներ փորձել են մտնել Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահ: Համաձայն ընկերության նախագահի, ինքը թույլ չի տվել դա անել, որից հետո երիտասարդները սրահի դիմաց վիճաբանել են իր եղբորորդու հետ, 10 րոպե անց հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել են սրահի պատուհանի ապակիները: Այս մասին ասված է ոստիկանության հաղարդագրության մեջ:
Ոստիկանները խանութի մոտ հայտնաբերել են գազային, ՊՍՄ և «Մակարով» տեսակի ատրճանակների և որսորդական հրացանի կրակված պարկուճներ:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ 18.45-ին ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա Տիգրան Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալ:
Ոստիկանությունը պարզել է, որ երիտասարդը վնասվածքն ստացել է «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ արձակված կրակոցներից:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ՆԻԿՕ»-ի սեփականատիրոջ եղբորորդին վիճաբանել է «Դավիդով» ծխախոտի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատերերից մեկի` Արթուր Մանվելյանի որդիների հետ: