ՊԵԿ-ի 2012թ. ռազմավարության վեկտորը ուղղված է լինելու խոշոր բիզնեսներին հարկային պատասխանատվության ենթարկելուն: Այս մասին լրագրողներին հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով` արդեն անցյալ տարի աճել է խոշոր բիզնեսների տված հարկերի հարաբերությունը. 462 խոշոր հարկատուներից կազմվել է 2011թ. ՊԵԿ-ի հարկերի 60%-ը: Ալավերդյանը նշել է, որ խստացվել է նաև խոշոր բիզնեսներին` հարկային պատասխանատվությունից խուսափելուց պատժելու մեխաիզմը. ՀԴՄ չտալու դեպքում խոշոր բիզնեսները ավելի շատ կհարկվեն` մինչև 600 000 դրամ, քան փորքր և միջին բիզնեսները:
Ըստ բանախոսի` 2012թ. պետբյուջեն իրականության վերածելու համար ՊԵԿ-ը որդեգրել է նոր ռազմավարություն, որը փոփոխություններ է նախատեսում տնտեսական աճի և դրամահարկային քաղաքկանության մեջ:
«2012թ. բյուջեն ապահովելու համար կան մի քանի գործոններ, դրանց հիմնական հանգամանքը կապված է տնտեսական աճի հետ, որ կազմելու է 4%-ից ավելի, հաջորդ գործոնը կապված է դրամահարկային քաղաքականության հետ: Մենք նպատակ ենք դնելու ստվերային տնտեսությունը մտցնելու հարկային դաշտ»,- ասել է Արմեն Ալավերդյանը:
ՊԵԿ-ը փոխել է նաև ռազմավարությունը տնտեսություններում ստուգումներ կատարելու հարցում: Կազմվել է 3280 կազմակերպություններից բաղկացած ռիսկային ցուցակ. միայն այդ 3280 կազմակերպություններում են անցկացվելու ստուգումներ` ՀԴՄ-ների, գույքագրման մասով և այլ գործիքներով: