Երկրի փրկության միակ ելքը հեղափոխությունն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով գալիք խորհրդարանական ընտրություններից և առհասարակ քաղաքական իրավիճակից` հայտարարել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Հանդիպման մյուս բանախոսը` դերասան Սերգեյ Դանիեյանը, գտնում է, որ ճիշտ քայլը ընտրությունները բոյկոտելն է:
«Քաղաքականությունից խոսելու համար պետք է սոցիոլոգ բերել, որ ասեր` ինչքան մարդ է հոգին ազատել Հայաստանից, ինչքան մարդ է գնում-գալիս, ինչքան դիակների են բերում Ռուսատանից` քսենոֆոբիայից հաստատ: Պետք է բերել էկոլոգ, որ ասի` ինչ է տալիս Թեղուտի 400 հա անտառի կտրելը, ինչ են անելու դրա տեղը կառուցվող աղբակույտը: Որևէ հանքը աշխարհում շահագործվելու դեպքում, 50%-ը պետք է պատկանի պետությւանը, մեզ մոտ միայն 20%-ն է պետությանը տրվում, այսինքն` ստանալու են գերշահույթներ: Ավելի անտանելի է խոսքի ազատության հարցը, եթե խոսում էլ ենք ազատ, ոչինչ չի փոխվում»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը:
Սերգեյ Դանիելյանը, իր հերթին, դիմել է հայ արվեստագետներին կոչով ` ընտրություններին ընդառաջ չմասնակցել նախընտրական արշավներին:
«Ընտրություններ են մոտենում, շուտով արվեստագետներին կսկսեն որսալ: Խորհուրդ եմ տալիս, որ ինչքան էլ փող առաջարկեն, չկանգնեն այս կամ այն գործչի հետևում, երգեն պարեն նրանց արշավների համար: Քաղաքական գործչի արածը անցողիկ ա, զուգարանի թղթի պես մի բան է, իսկ արվեստը ավելի մնայուն արժեք է: Չպետք է վարկաբեկվել ու կանգնել սրա կամ նրա կողքին»,- ասել է Սերգեյ Դանիելյանը:
Խորհուրդ-կոչ արեց նաև Ռուբեն Հախբվերդյանը: «Խնդրում եմ, երեք նախագահներից ոչ մեկին մի ընտրեք: Մի ընտրեք, եթե մտածում եք էս երկրի ապագային մասին»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը: