ՀՀ ճանպարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի և նույն գործով որպես մեղադրյալներ անցնող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լևոնյանի և Սամվել Մախմուրյանի գործով դատավարության ժամանակ այսօր հարցաքննվել են չորս վկաներ:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են մոտ 2 500 տոննա բենզին յուրացնելու մեջ:
Վկաներից Արսեն Մարդոյանը, ով 2-րդ սպայական գումարտակի հրամանտարն է, իր ցուցմունքում նշել է, որ ամսական հաշվետվությունների ժամանակ ինքը ստացել է քիչ բենզին, սակայն ստորագրել է շատ ստացած փաստաթղթի տակ, իսկ երբ այդ հարցով դիմել է 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին, նա խոստացել է, որ այդ պակասը կլրացվի, ինչը, սակայն, վկայի խոսքով չի լրացվել:
Վկաներից 2րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը, ում ծառայությունն իրականացվում է Լոռու մարզում, ևս նշել է, որ ամսական ստացել է 4500-5000 լիտր բենզին, սակայն հաշվետվություններում ստորագրել է, որ ստացել է 12 000-14 000 լիտր բենզին: Վկան նշել է, որ ինքն այդ ժամանակ նոր աշխատող է եղել և և իր տեղակալն իրեն փոխանցել է Կարախանյանի խոսքերը, որ հաշվետվությունների տակ ստորագրեն, որ շատ են ստացել:
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը վկային հարցրել է, թե արդյոք ինքն այդ խնդրի մասին Մարգար Օհանյանին տեղյակ է պահել: Նարգիզյանը բացասական պատասխան է տվել:
Գործով անցնող մեկ այլ գումարտակի հրամանատար Արամ Գալստյանը նշել է, որ Ստեփան Կարախանյանից ամսական 4500-5000 լիտր բենզին է ստացել, սակայն հաշվետվություններում ներկայացրել է, որ ստացել է 6000-12 000 լիտր:Այս հարցով նա դիմել է Կարախանյանին, վերջինս խոստացել է լրացնել պակաս բենզինը, սակայն դա չի արել: Վկայի խոսքով` Կարախանյանը նշել է, որ շատ գրված բենզինի փոխարեն իրենք կվերցնեն անվադողեր: Նշենք, որ Գալստյանը ծառայություն է իրականացնում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և այդ պատճառով էլ լեռնային շրջաններում անվադողերը շուտ են մաշվում:
Դատախազի այն հարցին, թե ինչու նա այդ խնդրի մասին Մարգար Օհանյանին տեղյակ չի պահել, վկան պատասխանել է, որ սխալ է գործել:
Չորրորդ վկան՝ ՃՈ տնտեսական բաժանմունքի ավագ տեսուչ Եփրեմ Ստեփանյանը իր ցուցմունքում նշել է, որ բենզինի ստացման հետ կապված չարաշահումներ չեն եղել: