Սպիտակի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը, ով փետրվարի 12-ի համայնքի ղեկավարի ընտրություններին կրկին առաջադրել է իր թեկնածությունը, իր առաջնային խնդիրներից է համարում աշխատատեղերի ստեղծումը և բնակարանաշինությունը: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:
«Մենք ունենք գազաֆիկացման խնդիր մի թաղամասում, որն այս տարի կիրականացնենք, իհարկե, ասֆալտապատման աշխատանքներ, փողոցների լուսավորություն: Ամենակարևորը, իհարկե, աշխատատեղերի ստեղծումն է և սեփական բնակարան կորցրած քաղաքացիների բնակապահովման խնդիր», – ասել է Սահակյանը:
Խոսելով ընտրություններում իր միակ մրցակցի՝ ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանի մասին, Գագիկ Սահակյանը նշել է.
«Նորմալ, պարկեշտ անձնավորություն է, բավական երկար ժամանակ աշխատել է Սպիտակ քաղաքի տարբեր կառույցներում ու նաև քաղաքապետի տեղակալ, նորմալ մարդ է»,- ասել է Սահակյանը: