ՀՀ ճանպարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի և նույն գործով որպես մեղադրյալներ անցնող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լևոնյանի և Սամվել Մախմուրյանի գործով դատավարության ժամանակ այսօր հարցաքննվել է չորս վկա:
Նրանք մեղադրվում են մոտ 2 500 տոննա բենզին յուրացնելու մեջ:
Վկաներից Եղիշե Ենգիբարյանը, ով սպայական գումարտակի առաջին վաշտի հրամանատարն է, իր ցուցմունքում նշել է, ինքը ամսական ստացել է 350 լիտր բենզին և որքան ստացել է, այդքանի տակ էլ ստորագրել է:
Մեղդադրող Հարություն Հարությունյանը հարց է ուղղել Ենբգիբարյանին` արդյոք աշխատակիցները երբևէ դժգոհել են բենզինի պակասից: Վերջինս պնդել է, որ դժգոհոթյուններ չեն եղել, սակայն ինքը խոսակցություններ է լսել, որ նման խնդիրներ եղել են, բայց ոչ իր հետ:
Դատախազը հայտարարել է, որ Ենգիբարյանի` դատարանում տված ցուցմունքի և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների մեջ կան էական հակասություններ, և միջնորդել է դատավորին ներկայացնել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Միջնորդությունը բավարարվել է. ըստ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքի` Ենգիբարյանը նշել է, որ իր աշխատակիցները դժգոհել են բենզինի պակասից և որ ղեկավարությունն այդ մասին տեղյակ էր:
Այդ հակասությունը Ենգիբարյանը բացատրել է նրանով, որ այն ժամանակ սխալմունք է տեղի ունեցել, քանի որ նախաքննության ժամանակ էլ ինքը նշել էր, որ դժգոհությունների մասին պարզապես խոսակցություններ է լսել և որ ինքն անձամբ նման խնդիրներ չի ունեցել:
Հաջորդ երեք վկաները` Յուրիկ Հովհաննիսյանը, Սերյոժա Հակոբյանը և Կարո Կարապետյանը, իրենց ցուցմունքներում նշել են, որ ամսական ստացել են քիչ բենզին, իսկ ստորագրել են շատի տակ: Երբ այդ հարցով դիմել են սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին, վերջինս դա բացատրել է նրանով, որ դրա դիմաց իրենք կստանան անվադողեր և ավտոպահեստամասեր, իսկ պակասորդը հետագայում կլրացվի:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 2-ին` ժամը 11:30-ին: