2010 թվականի նոյեմբերի 9-ին Շառլ Ազնավուրի հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունը դեռևս նախորդ տարի հայցով դիմել էր դատարան` պահանջելով, որպեսզի Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին ենթարկեն վարչական տույժի:
ՀՀ ոստիկանությունը նշում է, որ Կարապետյանը ՀԱԿ ակտիվիստների կողմից անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում չի ենթարկվել իրենց օրինական պահանջին և որպես տուգանք 50 000 դրամ է պահանջում:
Այսօր տվյալ գործով ՀՀ վարչական դատարանում հերթական դատական նիստի ժամանակ, որին արդեն երկրորդ անգամ է չի մասնակցում հայցվոր կողմը, զննվել է պատասխանողի` Վլադիմիր Կարապետյանի կողմից ներկայացված տեսասկավառակը:
«Տեսասկավառակը դիտելուց հետո ակնհայտ դարձավ, որ բռնություններ գործադրել են ոստիկանները: Բացի դա, իրենք ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել, իսկ այն ինչ նրանք պահանջում էին, օրենքի հետ ոչ մի աղերս չունի: Ուստի իմ գնահատմամբ, կարծում եմ, որ վարչական դատարանի վճռով ոստիկանության կողմից ներկայացված հայցը կհամարվի անհիմն», – ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին երկու տասնյակից ավել ոստիկաններ դեղին ժապավեններով փակել են տարածքը, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ակցիա անցկացնող երիտասարդների թիկունքում տեղադրել են պատնեշներ և պահանջել են, որպեսզի ակցիայի մասնակիցներն վերադառնան` անցնելով տեղադրված պատնեշների մյուս կողմը: Ակցիային մասնակցող Վլադիմիր Կարապետյանը ոստիկանների հետ զրույցում հրաժարվել է կատարել նրանց պահանջը` համարելով այն ապօրինի:
Մոտ տասը րոպե սպասելուց հետո ոստիկանները հարձակվել են ակտիվիստների վրա և սկսել են խլել ու ջարդել նրանց պաստառները: Երիտասարդները պառկել են գետնին, իսկ ոստիկանները քաշքշելով և հարվածելով նրանցից չորսին` Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և հեռացել տարածքից: Ինչպես հետագայում լրագրողներին ասել են ակտիվիստները, ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել նաև ոստիկանական բաժանմունքում:
Երիտասարդները մեղադրվել էին խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սակայն 2010 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով: