Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրի նիստը նվիրված է եղել 2012 թվականի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Կոնգրեսի մասնակցության ձևաչափին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Կոնգրեսը պայքարում է այլ քաղաքկան ուժերի հետ միասին մեծամասնական համակարգը չեղյալ համարելու և բացառապես համամասնական ընտրակարգով ընտրական մեխանիզմի անցնելու համար: Բայց մենք նաև հասկանում ենք, որ եթե, այնուամենայնիվ, խաղի կանոնները մնան նույնը, ուրեմն մենք պետք է ճակատամարտ տանք նաև մեծամասնական համակարգով, ուստի այսօրվա նիստը նվիրված է եղել մեծամասնական համակարգով մեր մասնակցության ձևաչափին», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա տեղեկացրել է, որ նիստի ժամանակ Կոնգրեսի մաս կազմող 18 կուսակցությունները ներկայացրել են իրենց հնարավորություններն ու ռեսուրսները, և ՀԱԿ-ում այժմ ի մի են բերում ներկայացվածը՝ հնարավորությունների քարտեզը պատկերացնելու համար:
Դրանից հետո արդեն որոշումներ կընդունվեն, թե որ ընտրատարածքում ում կառաջադրի Կոնգրեսը:
Հարցին, թե արդյոք Հայաստանի բոլոր 41 ընտրատարածքներում Կոնգրեսն առաջադրելու է իր թեկնածուին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ իրենք հանդես են գալու ընտրություններում որպես նախընտրական դաշինք, ինչը նշանակում է, որ Կոնգրեսն ամեն ընտրատարածքում մեկ հոգու պետք է առաջադրի:
Ինչ վերաբերում է Կոնգրեսի համամասնական ցուցակի ձևավորմանը, ապա ՀԱԿ համակարգողն ասել է, որ այդ ցուցակի հետ կապված որևէ հարց այսօր չի քննարկվել:
Լրագրողները նաև հետաքրքրվել են Զուրաբյանից, թե արդյոք ճիշտ են այն լուրերը, թե Կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորելու են, համապատասպանաբար, ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Մինչ քննարկումները շարունակվում են, որևէ բան մենք չենք կարող հայտարարել: Ոչ մի որոշված հարց այս րոպեին գոյություն չունի», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով նաև Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ թեկնածու է առաջադրվել ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, Զուրաբյանն ասել է.
«Ինչքանով տեղյակ ենք, իշխանություններն արդեն սկսել են որոշակի ճնշումներ մարդկանց վրա: Մարդկանց սպառնում են, հեռացնում են աշխատանքից, այս բաները կան: Բայց իշխանությունները միշտ էլ դա անում են, իսկ մեր պայքարը միևնույնն է նույն թափով շարունակվելու է, և Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը շատ եռանդուն կերպով աշխատում է հաղթանակը ապահովելու համար», – հավելել է Կոնգրեսի համակարգողը: