Իրանում 13 տարվա և 10 ամսվա ազատազրկման, ինչպես նաև 10 տարվա արտաքսման է դատապարտվել հայտնի բլոգեր Մեհդի Հազալին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը:
Մասնագիտությամբ ակնաբույժ Հազալին իր բլոգում խիստ քննադատության էր ենթարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Բլոգերը ձերբակալվել է մեկ ամիս առաջ և այժմ հացադուլ է հայտարարել բանտում:
Երկուշաբթի հայտնի է դարձել նաև իրանական իշխանությունների կողմից բրիտանական BBC հեռուստառադիոընկերության համար տեղեկատվական նյութերի պատրաստման մեջ կասկածվող լրագրողների ձերբակալության մասին:
BBC-ն, սակայն, հայտարարել է, որ ներկայումս ոչ մի թղթակից չունի Իրանում:
Իրանում արտասահմանյան ԶԼՄ-ների հետ համագործակցելը հետապնդվում է օրենքով, քանի որ երկրի իշխանությունները մեղադրում են նրանց հետախուզական և լրտեսական գործունեության մեջ: