Պետք չէ լուրջ վերաբերվել այն հավաստիացումներին, թե ընտրությունները կլինեն ազատ, արդար ու թափանցիկ, քանի որ նախորդ կեղծված ընտրությունների կազմակերպիչներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Խոսքը միայն 2008 թվականի մասին չէ, հիշում ենք` 2003 թվականին էլ էին պահանջում, Եվրոպայի խորհուրդն էլ էր պահանջում պատասխանատվության ենթարկել կեղծարարներին», – ասել է Դեմիրճյանը:
Նրա խոսքով` Հայաստանում քաղաքական համակարգի կայացման համար այսօր ճիշտ է 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելը, չնայած իրենք սկզբունքորեն դեմ չեն մեծամասնականին:
«Սա չի նշանակում, թե սրանով կապահովագրենք մեզ բոլոր տեսակի կեղծիքներից, բայց սա կլինի քայլ` ճիշտ ուղղությամբ», – նշել է նա:
Դեմիրճյանը հորդորել է բոլորին անպայմանորեն մասնակցել ընտրություններին:
«Ի՞նչ է նշանակում` պետք չէ կամ իմաստ չունի գնալ ընտրության, միևնույն է` կեղծելու են: Այս գործընթացը նպաստելու է հասարակության էլ ավելի ակտիվացմանը, ինչը հանգեցնելու է լուրջ փոփոխությունների: Պետք է շարունակել պայքարը, ինչն այս փուլում ենթադրում է մասնակցություն ԱԺ ընտրություններին»,- նշել է նա:
Անդրադառնալով ՀԱԿ ընտրացուցակին` Դեմիրճյանը հիշեցրել է, որ դրանք դեռևս պատրաստ չեն, և հաստատված ցուցակի պատրաստ լինելու դեպքում կտեղեկացնեն հասարակությանը:
«Փետրվարի վերջին արդեն հստակություն կմտցվի այս հարցում, ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Կոնգրեսում ցուցակների հետ կապված տարաձայնություններ կան, գիտեք` ցուցակ կազմելը բավական լուրջ ու ծանր գործ է, նամանավանդ, երբ մի միավորման մեջ ընդգրկված են 10-ից ավելի կուսակցություններ: Բարդ է, բայց` լուծելի», – նշել է ՀԺԿ ղեկավարը: