Home / Հայաստան / Քաղաքացին ընդդեմ դատավորի. երիտասարդները կբողոքեն ՀՀ նախագահի նստավայրի մոտ

Քաղաքացին ընդդեմ դատավորի. երիտասարդները կբողոքեն ՀՀ նախագահի նստավայրի մոտ

Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվել է քաղաքացի Սամվել Հարությունյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության դեմ, որը դատավոր Արման Թովմասյանի և նրա չորս կարգադրիչների դեմ քրեական գործ չի ցանկացել հարուցել:

Հիշեցնենք, որ գործը վերաբերվում է Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին, որը սկսել է, ըստ Սամվել Հարությունյանի, այն պատճառով, որ  խանութի վաճառողուհին իրեն ավելի շուտ է սպասարկել, քան դատավորին: Կենցաղային վեճից հետո դատավորը պահանջել է գնալ դատարանի տարածք` «հաշիվները պարզելու»: Համաձայն Սամվել Հարությունյանի, դատավորը և իր կարգադրիչները դաժան ծեծի են ենթարկել Սամվելի որդուն` Աշոտ Հարությունյանին:  Հաջորդ օրը դատավորը և կարգադրիչները մեղադրանք են առաջ քաշել Աշոտի դեմ` ասելով, թե վերջինս է ծեծի ենթարկել իրենց, ինչը հայցվոր կողմը որակում է որպես սուտ մատնություն:

Այսօրվա նիստին մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը առաջ է քաշել երկու առարկություններ: Նախ, ըստ դատախազի, գործի քննությունը պետք է կատարի ոչ թե Հատուկ քննչական ծառայությունը, այլ ոստիկանության քննիչը: Այս առարկության համար, ըստ հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Հայրապետյանի, դատախազը ոչ մի հիմնավորում չի տվել:

Դատախազը պնդում է նաև, որ հայցվոր կողմը ուշացրել է իր բողոքը:

«Մենք ժամանակը բաց չենք թողել: Սամվել Հարությունյանի բողոքի հիման վրա քնննությունն արդեն երկու ամիս գնում էր, ուստի անտրամաբանական կլիներ նորից դիմում ներկայացնել», – ի պատասխան ասել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Դատախազի երկրորդ առարկությունն այն է, որ գործը պետք է քննի ոչ թե Վերաքննիչ դատարանը, այլ Լոռու մարզի` առաջին ատյանի դատարանը:

Լոռու մարզի դատարանն իր հերթին պնդում է, որ գործը պետք է քննի Վերաքննիչ դատարանը, նախ որովհետև ՀՔԾ-ն գտնվում է Երևանում, երկրորդ` Վերաքննիչը հարցում է կատարել առաջին ատյանի դատարան և ստացել է դատարանի բոլոր նյութերը կապված գործի հետ:

Այսօրվա դատական նիստի ժամանակ` դատավոր Եվա Դարբինյանը երկար ժամանակ չի ցանկացել ընդունել դատախազի երկու առարկություններին հակափաստարկներ ներկայացնելու հայցվոր կողմի  խնդրանքը, ինչը, ըստ Հայրապետյանի, իրենց սահմանադրական իրավունքն է:

Դատավորը խոստացել է լսել հայցվոր կողմի հակափաստարկները հաջորդ նիստի ժամանակ` փետրվարի 13-ին ժամը 16:00-ին:

Այդ օրը Հայկ և Սամվել Հարությունյաններին իրենց զորակցությունը հայտնելու և դատարանին արդարացի որոշում ընդունելու կոչ անելու համար Լոռվա մարզից Երևան է գալու երիտասարդների մի խումբ: Նրանք բողոքի ակցիա են անելու նախագահական նստավայրի մետ` 14:30-ին, ապա` դատարանի շենքի մոտ: