«Օրինաց երկիր» կուսակցությունն Էրեբունի համայնքում սկսել է ընտրակաշառք բաժանել, գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Թերթը նշում է, որ ընտրակաշառքը բաժանվում է հիմնականում թոշակառուներին, և նրանց ասվում է, որ էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին։
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ ՕԵԿ-ի աշխատանքները Էրեբունի համայնքում կոորդինացնում է Կապի և տրանսպորտի նախկին նախարար էդուարդ Մադաթյանը, որը գալիք ընտրություններին ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում է լինելու։
Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ականները էրեբունի համայնքի թոշակառուներին բաժանել են ՕԵԿ-ի օրացույցներ, երկուական տոպրակ «Հայլեռ» անունը կրող սուրճ, մեկ շիշ «Հայասի» օղի և մեկ շիշ բնական հյութ:
«Ամանորի նախաշեմին ՕԵԿ-ը դարձյալ նույն ապրանքներն էր բաժանել տարբեր համայնքներում, և այն ժամանակ կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, թե դրանք բաժանում են բացառապես իրենց կուսակիցներին, այն էլ տալիս են ոչ թե որպես ընտրակաշառք, այլ ամանորյա նվեր։ Երևի ՕԵԿ-ը չի հասցրել իրացնել «ամանորյա նվերների» ողջ պաշարը և հիմա «մնացորդները» բաժանում է թոշակառուներին», – գրում է «ՉԻ»-ն: