Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբն այսօր կազմակերպվել էր հեռուստակամուրջ-քննարկում, որին մասնակցում էին ԱՄՆ-ից սփյուռքահայ գործարարներ, իսկ Հայաստանից, ինչպես գործարարներ, այդպես էլ քաղաքական գործիչներ:
Քննարկան թեման էր, թե որքանով են պաշտպանված սփյուռքահայ ներդրողների իրավունքները Հայաստանում, և հարկ կա արդյոք տարանջատել սփյուռքահայ ներդրողներին տեղացիներից:
Նախաձեռնող խմբի իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ սփյուռքահայ ներդրողների իրավունքների պարբերական ոտնահարումը լուրջ խնդիր է, քանի որ հիսաթափություն է առաջացնում և ստիպում ներդրողներին բիզնեսները տեղափոխել Վրաստան, որտեղ, ըստ Բաղդասարյանի, «հարկայինները հաջորդ օրը քո դուռը չեն ծեծում, այլ ասում են` ինչով կարող ենք օգնել»: Որպես օրինակ են բերվել Էդմոնդ Խուդյանի, Վալերի-Աշխեն Գործունյանի և Նարեկ Հարթունյանի գործերը: Այդ գործարարները պնդում են, որ Հայաստանում իրենց կամ «քցել» են, կամ իրենք հետապնդվել են հարկային մարմինների և դատական համակարգի կողմից:
Քննարկման մասնակից ԱԺ պատգամավոր Առա Նռանյանը տեսակետ է հայտնել, թե խնդիրը բնավ սփյուռքահայերի հանդեպ խտրական վերաբերմունքը չէ, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի գործարար միջավայրն է անբարենպաստ` թե’ տեղացիների, թե’ սփյուռքահայերի համար:
«Ուղղակի Հայաստանում գտնվողները ինչ-ինչ կապերով կարողանում են խնդիրները լուծել: Իսկ սփյուռքահայերը կամ օտարերկրյա ներդրողներն այդպիսի կապերի չեն տիրապետում, ուստի ավելի հաճախ են խնդիրներ ունենում: Չեմ կարծում, որ կա դիտավորյալ մոտեցում սփյուռքահայերի համար: Կարող եմ բերել 1000 ու մի օրինակ, որ տեղի ներդրողի իրավունքները ևս խախտվել են», – ասել է Արա Նռանյանը:
Վերջինիս տեսակետը կիսում է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Նախորդ շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ կոնգրեսականների մի խումբ: Եթե ԱՄՆ կոնգրեսականնները ՀՀ նախագահի, ԱԺ նախժագահի և խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ ասում են, որ Հայաստանը պետք է մի բան անի, որ սփյուռքահայ ներդրողները չփախնեն երկրից, ուրեմն սա արդեն լուրջ է և դժվար է: Իհարկե, համաձայն եմ, որ խտրական վերաբերմունք չկա սփյուռքահայ ներդրողների դեմ, Հայաստանում բիզնեսմենները լինում են յուրայիններ և ոչ յուրայիններ, սփյուռքահայերը հաճախ ոչ յուրայինների խմբում են», – ասել է Ստեփան Սաֆարյանը:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Սամվել Ջաղինյանն իր ելույթում նշել է, որ նրանց մասին հակասական սխալ ընկալում կա, թե «սփյուռքահայը փողի քսակ է», որից պետք է օգտվել: Նախաձեռնության անդամների հետ չի համաձայնել քննարկմանը ներկա ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` ասելով, որ սփյուռքահայերը Հայաստանում օգտվում են նույն իրավունքներից, ինչ տեղացի գործարարները:
«Ունենք նաև հաջողված ներդրումների օրինակներ: Ընդհանուր դատողություններից զերծ մնանք: Ես անձամբ էդմունդ Խուդյանի գործին ծանոթ չեմ, բայց Նարեկ Հարթունյանի գործը այն տիպիկ գործերից է, որտեղ ներդրողը Հայաստանը դիտում է որպես եկամուտ ստանալու աղբյուր և որոշում է հարկերից խուսափել»,- ասել է Ալավերդյանը և մեջ բերել գործող դատախազների փաստարկները, թե Հարթունյանը խուսափել է 70 միլիոն դրամ հարկերից:
Անդրադառնալով ՊԵԿ փոխնախագահի դիտարկմանը` Ստեփան Սաֆարյանն ասել է, որ հաշվի առնելով դատական համակարգի վիճակը, ավելի շատ հակված է հավատալ սփյուռքահայ ներդրողի փաստաբաններին, քան ՊԵԿ-ի պնդմանը: