«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ մականունով) Աբովյանում դուրս է եկել հարազատ քավորի դեմ` փորձելով քաղաքում ակտիվացնել Հանրապետական կուսակցությանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով` Արթուր առաջիկայում դառնալու է ՀՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար և մտադիր է ԲՀԿ-աթափ անել Աբովյանը։
«Որքանով կհաջողվի՝ դժվար է ասել, քանի որ նրա սկսած քայլերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել։ Արթուր Հարությունյանի կողմնակիցները նեղսրտում են, որ Ծառուկյանն Աբովյան-Երևան անվճար երթուղի է բացել, որով նպատակ ունի սնանկացնել Հարությունյանին (ում պատկանում են Աբովյանից Երևան տանող երթուղայինների և ավտոբուսների գծերը)։ Իսկ Ծառուկյանի կողմնակիցները դժգոհում են, որ ԲՀԿ ղեկավարի սանիկն իրենց հետ խոսում է ոստիկանների միջոցով։ Երեկ առավոտյան, Ծառուկյանի ուսանողական ավտոբուսներին արգելվել է շարժվել մայրաքաղաք՝ պատճառաբանությամբ, թե ներսում տարեցներ կան», – գրում է թերթը։