Աբովյանի ծննդատանը ծննդաբերության ընթացքում մահացել է 26-ամյա Ֆլորա Աբգարյանը: Ինչպես Epress.am-ին հայտնել է Աբովյանի ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանը, մահը վրա է հասել կնոջը նարկոզ տալուց 12 րոպե անց:
«Սա Ֆլորայի երկրորդ ծննդաբերությունն էր: Առաջացան բարդություններ, ուստի որոշեցինք կեսարյան հատում անել: Նարկոզ տալուց հինգ րոպե հետո կնոջ մոտ սկսվել է դժվար կառավարվող բարդություն: Մենք անմիջապես դիմեցինք Առողջապահության նախարարությանը, եկան մի խումբ մասանգետներ` Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ»,- պատմել է Լարիսա Մադոյանը:
Նրա խոսքով` կնոջ մոտ սկսվել է բրոնխային կանգ և սրտի անբավարարություն: Մոտ 12 րոպե հետո նա մահացել է: Բժիշկը դժվարացել է պատասխանել` արդյոք մահվան պատճառը սխալ բժշկական միջամտությունն էր: Նա նշել է, որ այդ մանրամասնները ի հայտ կգան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հրապարակելուց հետո:
Համաձայն նախարարության հայտարարության` դեպքը ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով: