Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը շատ կարևոր և պատմական պահ է համարում այն փաստը, որ Հայաստանի քաղաքական ուժերը, գիտակցելով, թե ինչ արատավոր ընտրական համակարգ է ստեղծված Հայաստանում, միավորվել են այդ արատավոր համակարգը ջարդելու, ապամոնատաժելու նպատակով: Այս մասին Զուրաբյանը հայտարարել է ԱԺ-ի շենքի առջև մոտ իր ելույթում:
Հիշեցնենք, որ մինչ այսօր ԱԺ-ում քննարկվում էր 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին անցնելու հարցը, ԱԺ-ի շենքի առջև հավաքվել էին այն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Հավաքվածների թվում էին Հայ Ազգային Կոնգրեսի, «Դաշնակցության», «ժառանգության» և այլ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այսօր իսկապես շատ կարևոր իրադարձություն է: Դուք տեսնում եք, որ քաղաքական ուժերը համատեղ պայքար են տանում և’ պառլամենտում, և’ փողոցում, իսկ սա նշանակում է, որ այսօր մենք դրել ենք լրջագույն նախադրյալներ այս համագործակցությունը ուժեղացնելու, խորացնելու, հզորացնելու համար: Մենք կոչ ենք անում ամբողջ հայ հասարակությանը ոտքի կանգնել հանուն արդար և ազատ ընտրությունների, հանուն դեմոկրատական Հայաստանի»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա նաև կոչ է արել վաղը` ժամը 12.00-ին, կրկին հավաքվել ԱԺ-ի մոտ և աջակցել Հայաստանի համար ճակատագրական որոշումների ընդունմանը:
«Բայց եթե հանկարծ իշխանությունները չհամաձայնեն այս քայլին և մարտահրավեր նետեն մեզ, մենք այդ մարտահրավերն ընդունում ենք: Կեցցե ազատ, անկախ դեմոկրատկան Հայաստանը»,- եզրափակել է ՀԱԿ համակարգողը: