Այս փետրվարը ընդհանուր առմամբ լավ ամիս չի եղել Հայաստանի խնդիրների համար, համոզված է Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` նշելով, որ սրանով «աշխարհի վերջը չի եկել»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու փաստի մասին` բանախոսը հիշեցրել է, որ ինքը դեռ վաղուց զգուշացրել էր՝ եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական համարի օրինագիծը, ապա սա չի լինի աշխարհի վերջը:
«Լավ լուրը այդ է», – հայտարարել է Մանոյանը:
Նրա հավաստմամբ` այս անգամ հաղթեցին Թուրքիայի քաղաքական ճնշումները, սպառնալիքներն ու կաշառքները, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային:
«Սա Թուրքիային սիրաշահելու հարց էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև մի շարք երկրների համար: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր այսօր մաս են կազմում թրքամետ կազմակերպությունների, ու կամ նախկին քաղաքական գործիչներ՝ իրավաբաններ, ովքեր դեմ են քվեարկել այս նախագծին»,- ասել է նա:
Ֆրանսիայի կողմից այս ամենը քաղաքական խաղ չէր լինել, վստահ է Մանոյանը:
«Անգամ մեր ԱԺ-ն 12 ժամ չի քննարկել Ցեղասպանության հարցը, իսկ Ֆրանսիայնում այն քննարկվել է շուրջ 12 ժամ, ինչը թույլ է տալիս հավատալ, որ Սարկոզին նման ռիսկի չէր գնա: Նոր գործընթացը երկար կտևի, իսկ Սարկոզին դժվար թե այսքան կարճ ժամանակում հասցնի այս հարցին վերջնական լուծում տալ», – ասել է Մանոյանն ու ընդգծել, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ ու մի օր,ի վերջո, կգա քաղաքական հարմար այն պահը, որ կընդունվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Մանոյանը նաև նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը ևս վստահեցրել է, որ ամեն կերպ հասնելու է այս օրինագծի ընդունմանը: