Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության կայքը:
2012թ. փետրվարի 28-ին Երևան քաղաքի բնակչուհի Հերմինեն(անունը փոխված է) հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գևորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով, ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:
Ըստ հայտարարության` փաստացի ամուսնու բռնությունների ազդեցության տակ Հերմինեն պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ` Թրաֆիքինգ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: