«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարի ժամանակ ՀՅԴ-ի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, խոսելով իրենց կուսակցությունների համագործակցության մասին, նշել է այն իրադարձությունները, որոնցում իրենք համատեղ են հանդես եկել: Դրանք են հայ-թուրքական Արձանագրությունների դեմ պայքարը, Արտակարգ դրության իրավական ռեժիմի նախագծի դեմ պայքարը, ԱԺ-ում և 100% համամասնական ընտրական համակարգի համար մղվող պայքարը:
Ըստ Հովհաննիսյանի` իրենք պետք է շարունակեն համատեղ աշխատել, որպեսզի ընտրություններից հետո ժողովուրդը պոռթկման պատճառներ չունենա, իսկ դրա համար, Հովհաննիսյանի խոսքով, պետք է հաղթել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում ասել է, որ վերջին տարիներին «Ժառանգությունն» ի զորու է եղել գտնվելու պայքարի կենտրոնում: Քոքոբելյանի խոսքով` այս պահին Հայաստանը մտնում է մի նոր փուլ, և այն բոլոր մարդիկ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտահոգ են Հայաստանի ճակատագրով, չեն կարող անմասն մնալ գալիք ընտրություններից:
Համագումարի ժամանակ ելույթ է ունեցել նաև նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ-ի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, ով, խոսելով «Ժառանգության» մասին, ասել է, որ այս տարիների ընթացքւոմ կուսակցությունն աչքի է ընկել քաղաքացիական սկզբունքային դիրքորոշմամբ և ռեժիմի կատարած անօրինականությունների դեմ պայքարով:
Ռուբինյանը հույս է հայտնել, որ կուսակցությունն իր ծանրակշիռ ներկայությունը կունենա հաջորդ խորհրդարանում, ինչպես նաև իր ուրախությունն է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համագործակցության համար:
Նշենք նաև, որ ելույթներից հետո «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անամ Արարատ Զուրաբյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենք «Ժառանգության» հետ դաշինք կկազմեն: Ցուցակների մասին, սակայն, առայժմ ոչինչ հայտնի չէ: