Երեկ երեկոյան Մոսկվայում մարտի4-ի նախագահական ընտրություններից հետո կայացած առաջին բողոքի ակցիաներն ավարտվել են մասսայական ձերբակալություններով: 250 մարդու բերման են ենթարկել Պուշկինի հրապարակից` «Ազնիվ ընտրությունների» համար արտոնված հանրահավաքից հետո:
Լուբյանսկայա հրապարակի վրա ձերբակալվել են ևս 50 մարդ` այդ թվում ընդդիմադիր Էդուարդ Լիմոնովը և ազգայնական Դմիտրի Դյոմուշկինը, ովքեր փորձել են չարտոնված ակցիաներ անցկացնել: Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում են, որ ՕՄՈՆ-ը գործում էր դաժանորեն` մարդկանց հարվածում էին, իսկ ձերբակալողները դիմակներ էին հագած:
Պուշկինի հրապարակի հանրահավաքի ժամանակ, որը, համաձայն իրավապահների տվյալների 15 հազար մարդ էր հավաքել, «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը հայտարարել է, որ չի հեռանա հրապարակից, մինչև չհեռանա Պուտինը:
«Եթե դրանք ազնիվ ընտրություններ էին, ապա ինչու է Մոսկվան օկուպացված զորքերով», – Ուդալցովի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»:
Երբ բեմի վրա լույսերը հանգցրել են, հանրահավաքի մասնակիցների մի մասը տեղափոխվել են հրապարակում գտնվող դատարկ շատրվան, որտեղ փորձել են անգամ վրան խփել: Նրանց շրջապատել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, իսկ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Իլյա Պոնոմարյովը փորձել է ապահովել հավաքի օրինականությունը` նշելով, որ դա պատգամավորի հետ հանդիպում է և իրենք ոչ մի պաստառ չունեն:
Սակայն ՕՄՈՆ-ականները դաժանորեն ճնշել են հավաքվածներին, և սկսել են նրանց քաշ տալով տանել դեպի ոստիկանական մեքենաներ:
Ինչպես և դեկտետեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այս անգամ էլ ձերբակալվել են Ուդալցովը, Իլյա Յաշինը, Ալեքսեյ Նավալնին: