ՀՀ ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը գործարար Սիլվա Համբարձումյանին «ոչ մի կոպեկ պարտք չէ»:
Հիշեցնենք, որ Համբարձումյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք, քանի որ ինքը վերադարձրել էր նրան 500 հազար դոլարով գնած հանքը և պահանջել հետ տալ գումարը, իսկ Այվազյանը քիչ-քիչ վերադարձրել էր 430 հազարը, սակայն մնացած 70 հազարը դոլարը հրաժարվում է տալ:
«Հարցրեք երկու բան Սիլվա Համաբարձումյանից` գործարքի կնքման տարեթիվ ու հանքի անունը», – հայտարարել է Այվազյանը:
Epress.am-ի հետ զրույցում Այվազյանի հայտարարությունը մեկնաբանելով` Սիլվա Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ Այվազյանը հիշողությունը կորցրել է` կազինոներ հաճախակի այցելելու հետևանքով:
«Խոսքը գնում է Տաշտոնի համայնքի Ջրկապ հանքի մասին: Ես հետ եմ տվել ՍՊԸ-ն, որովհետև հանքի կորդինատները ուրիշ էին, իսկ հենց հանքը այլ տեղ էր: Էնքան անկապ նախարար է եղել, որ ինքը իր հանքերի տեղը չի իմացել: Այվազյանը չի ժխտել, որ պարտք է ինձ, ասում է` Թիֆլիսից գամ կտամ, Չինաստանից գամ, կտամ: Ուզում է ինձ քցել, դա չեմ ների»,- ասել է Սիլվա Համբարձումյանը: