Առայժմ շուկայում մսամթերքի գները կայուն կմնան, իսկ աշնանը` անասունների գլխաքանակի ավելացման հետ կապաված, մսամթերքի գները կնվազեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:
«Ցավոք, այսօր մենք ինքնաբավ չենք մսամթերքի արտադրությունում և ստիպված ենք մսամթերք ներկրել: 2012 թվականին արտադրել ենք 127,000 տոննա միս, ներկրել 54,000 տոննա և հիմնականում թռչնամիս: Ներկրվող մսամթերքը ենթարկվում է լաբորատոր ստուգման ու առայժմ որակի հետ կապված խախտումներ չենք արձանագրել», – նշել է Բաղիյանը:
Նրա հավաստմամբ՝ այսօրվա դրությյամբ Հայաստանում համաճարակ չկա, իսկ իրենց նախարարությունը տարեկան 490 միլիոն դրամի անվճար պատվաստանյութեր է տրամադրվում անասնաբուժական հիմնարկություններին:
«Նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանաագրված 14 տոկոս անկումը դադարեցվել է ու գրանցվել է 14 տոկոս աճ: 2012 թվականին ունեցել ենք անասունների գլխաքանակի աճ և դա՝ շնորհիվ գյուղնախարարության ու ֆերմերային տնտեսություններ ու գյուղացիների համատեղ աշխատանքի», – ասել է նա:
Բաղիյանը նաև նշել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը տարբեր հայեցակարգեր է մշակում՝ Հայաստանում տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, թռչնաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը զարգացնելու վերաբերյալ: