Home / Հայաստան / Արտագաղթը կանխելու համար քաղաքական կամք է հարկավոր, պնդում է Օսկանյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտագաղթը կանխելու համար քաղաքական կամք է հարկավոր, պնդում է Օսկանյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ապագայի ընտրությունն է: Այս մասին այսօր ԲՀԿ համագումարում հնչեցրած ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Մայիսյան ընտրությունները իրոք Հայաստանի համար լինելու են ճակատագրական: Թույլ տվեք ասել՝ ինչու և ինչպես` կենտրոնանալով մեր ժողովրդի համար կարևորագույն այնպիսի երկու խնդիրների վրա, որոնց լուծումը հետևանքային կլինի մեր առաջ ծառացած գրեթե բոլոր մյուս խնդիրների համար», – ասել է Օսկանյանը:

Նորաթուխ ԲՀԿ-ականն ընդգծել է, որ կարևորագույն խնդիրներից մեկը` արտագաղթը կանգնեցնելու համար հարկավոր է պատասխանել մեկ հարցի` ինչու են մարդիկ գնում:

«Գնում են, որովհետև կորցրել են հույսն ու հավատը երկրի ապագայի նկատմամբ:Գնում են անարդարությունների պատճառով: Գնում են, որովհետև չեն վստահում: Գնում են, որովհետև չեն կարողանում հանապազօրյա հացը վաստակել», – նշել է նախկին արտգործնախարարը:

Նրա խոսքով` փոփոխությունների համար շատ բան հարկավոր չէ` պետք չէ նոր սահմանադրություն, պետք չեն նոր օրենքներ:

«Ընդամենը պետք է քաղաքական կամք, որ իշխանության եկածները կարողանան իրենց անձնական, հատվածական և կուսակցական շահերը մի կողմ դնել և ընդամենը կարողանան բոլորի համար հավասարապես կիրառել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

Դա ենթադրում է, որ տնտեսական ոլորտում պաշտպանվեն ազատ շուկայի հիմնարար սկզբունքները` հավասար հնարավորություններ, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն, իսկ քաղաքական ոլորտում՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները` արդարություն, հանդուրժողականություն, խոսքի և անհատի ազատություն:

Սրանք են լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղորդիչները հաջորդ հինգ տարիներին», – նշել է Օսկանյանը: