ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր ԲՀԿ համագումարից հետո Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի ելույթը`նկատել է, որ Ծառուկյանի խոսքում և ԲՀԿ վարած քաղաքականության մեջ հակասություն կա:
Ծառուկյանը այսօր խոսելով կուսակցության նախընտրական ծրագրից ասել է, որ ԲՀԿ-ն պայքարելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:
«ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է և վերջինիս կողմից ստեղծված իշխանության քաղաքականությունը դժվար է ասել, թե պայքարում է փոքր բիզնեսի համար: Եթե հիշում եք «Ժառանգությունն» էր զբաղվում ինտերնետ սրահների, գեղեցկության սրահների և կրպակատերերի իրավունքների պաշտպանությամբ»,- ասել է Սաֆարյանը:
Հարցին` արդյոք ԲՀԿ առաջնորդի ելույթը կարելի է որպես ընդդիմադիր որակել և արդյոք կարելի է համարել, որ դա նախընտրական քայլ է, Սաֆարյանը նշել է, որ իսկապես և Գագիկ Ծառուկյանի, և Վարդան Օսկանյանի ելույթներում ընդդիմադիր շեշտադրումներ էին նկատվում. «Ես միայն կարող եմ հուսալ, որ սա զուտ նախընտրական քայլ չէ, բայց հստակ ոչինչ ասել չեմ կարող»: