ՀՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, թե ազատվում է օլիգարխներից և կարևորություն է տալիս ավելի քաղաքական դեմքերին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀԿ-ի` երեկ հրապարակված համասմասնական ցուցակը, ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Այն իներտ մարդկանց համար, ովքեր ենթակա են վարչական ռեսուրսներով ճնշվելու, թերևս, այս ցուցակը կարող է ավելի ընդունելի լինել: Շուշան Պետրոսյանը, նախկին ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը և ցուցակի այլ անդամներ ավելի ճառ ասող, խոսող, գրող դեմքեր են»,- ասել է քաղաքագետը:
Էդգար Վարդանյանն անդրադարձել է նաև «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջարկած միասնական համամասնական ցուցակին:
Ըստ քաղաքագետի` «Ժառանգության» ցուցակը դժգոհություն է առաջացրել կուսակցությանը հավատացող ակտիվ` հիմնականում երիտասարդ քաղաքացիների մոտ, իսկ մյուսների համար ցուցակը հավասարակշռված ու նորմալ է թվում:
«Այս համամասնական ցուցակն իր բնույթով օբյեկտիվորեն իրարամերժ գնահատականներ առաջացնող է: Կշիռի խնդիր կա` «Ժառանգությունը» մտածում է, որ շահում է բեքգրաունդ ունեցող և համակարգին ծանոթ մարդկանց, օրինակ, Խաչատուր Քոքոբելյանի, նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանի ներկայությունից իր ցուցակում: Իհարկե, «Ժառանգության» անդամները ցուցակում քչանում են, անձերի առումով «Ժառանգութունը» տուժում է, իսկ թե ընտրությունների առումով կտուժի, թե ոչ, դժվար է ասել: «Ազատ դեմոկրատները» մեծ ռեսուրսներ ունեն ընտրարշավը ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Վաղ է ասել` «Ժառանգության» որոշումից դժգոհները կընտրեն կուսակցությանը, այնուամենայնիվ, թե ոչ»,- ասել է Էդգար Վարդանյանը: