Home / Հայաստան / Պետրոս Ղազարյանը պատգամավոր չի դառնա. ուզում է անկախ լրագրող մնալ

Պետրոս Ղազարյանը պատգամավոր չի դառնա. ուզում է անկախ լրագրող մնալ

Լրագրող, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը, ով ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակում առաջադրվել որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, փոխել է իր մտադրությունը, քանի որ չի կարող միաժամանակ և´ լիարժեք պատգամավոր լինեն, և´ լրագրող:

Այս մասին Ղազարյանն ասել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում:

«Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղեի լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է», – պարզաբանել է լրագրողը:

Թերթի հարցին` արդյոք Պետրոս Ղազարյանի և իր նմանների ներգրավվածությունը տարբեր կուսակցությունների ցուցակներում չէր կարող փոխել խորհրդարանի պատկերը, լրագրողն ասել է. «Որքան էլ կուսակցություններն իրարից տարբեր են, խորհրդարանը մեկ քաղաքական մարմին է, և խնդիրը ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կուսակցության մեջ է: Թե գործող խորհրդարանում, թե, վստահ եմ, ապագա խորհրդարանում կլինեն շատ արժանավոր մարդիկ, բայց խորհրդարանի ընդհանուր որակը, ցավոք, նրանցով պայմանավորված չի լինի»:

Այն դիտարկմանը, թե արդյոք լրագրողը ցանկանում է ասել, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը իրեն և իր նմաններին արժանի չէ, Պետրոս Ղազարյանը պատասխանել է. «Կարծում եմ` այս խորհրդարանը արժանի չէ ՀՀ որևէ քաղաքացու: Ցավոք, ծանոթանալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին, քիչ հավանականություն եմ տեսնում խորհրդարանի ընդհանուր որակի բարձրացման: Դա մեկ թիմով պայմանավորված չէ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Ղազարյանը ասել էր, որ Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, և այս իրավիճակում ԱԺ-ի դերն ուղղակի բացառիկ է: «Ինձ համար սա (ընտրությունները) շատ կարևոր է, որովհետև,կարծում եմ, այս դեպքում մենք ընտրելու ենք ոչ թե սովորական Ազգային ժողով, այլ ընտրում ենք մեր ապագան», – նշել էր Ղազարյանը:

Ինչ վերաբերում է իր առաջիկա պլաններին, «Ուրվագծի» հեղինակը ասել է, որ մնալու է անկախ լրագրող:

«Մենք պատրաստվում ենք նոր եթերաշրջանի և կփորձենք հեռուստադիտողներին ներկայացնել ողջ քաղաքական սպեկտորը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն: Կփորձենք դառնալ ՀՀ քաղաքացուն արժանի հեռուստատեսություն», – հայտարարել է լրագրողը: