Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից, որտեղ առաջադրվել էին Նիկոլ Փաշինյանը` ՀԱԿ-ից, Սամվել Ալեքսանյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, ինչպես նաև անկուսակցական Վարդան Վարդանյանը:

Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում «Ժառանգությունը» բանակցություններ է նախաձեռնել ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ առ այն, որ ընդդիմադիր ուժերը յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ թեկնածու պաշտպանեն: ՀՅԴ-ն մերժել է առաջարկությունը` այն համարելով ժամանակավրեպ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա «Ժառանգության» ներկայացուցիչը հանդիպել է ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ (Րաֆֆի Հովհաննիսյանը անուններ չի նշել) և բանակցություններ վարել, որոնց ընթացքում «Ժառանգությունն» առաջարկել է 21 ընտրատարածքում պաշտպանել ՀԱԿ-ի թեկնածուին, 7-ում` «Ժառանգության», 13-ում ` «Դաշնակցության»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀԱԿ-ը ևս մերժել է առաջարկը, ինչը «ընդդիմության հետագծի ախտանիշն է»:

«Ես հասկանում եմ, որ ամեն մեկն ունի ամբիցիաներ, սեփական ժողովրդին սատարելու մղում: Երբեք ուշ չէ: Ես կայացրել եմ իմ թեկնածությունը հանելու չուշացած որոշում», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: