Պենզայի շրջանի մարդակեր-մանյակի օրագրերը ԶԼՄ-ների տրամադրության տակ են հայտնվել: Մարդակերն առնվազն 9 սպանություն է իրականացրել: Սերիական մարդասպանը իր «սխրանքները» և դրանց դրդապատճառներն ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր օրագրում: Պարզվում է, դաժան սպանությունները մանյակի համար իր սիրեցյալի աչքերում հերոսանալու և հեղինակություն ձեռք բերելու միջոց էին, հայտնում է Newsru.com-ը:
Հարցաքննության ժամանակ 23-ամյա Ալեքսանդր Բիչկովը խոստովանել է, որ սպանությունները վստահություն էին հաղորդում իրեն:
«Սվետկան վռնդեց ինձ: Ասաց, որ ես տրյապկա եմ, և ոչ թե գայլ, – օրագրում գրում է Բիչկովը: -Ես նրան հակառակը կապացուցեմ: Չէ՞ որ նա չգիտի: Նրան պատմել էլ չի կարելի»:
Մարդասպանի անձնական օրագրում նա նկարագրում է հանցագործության ընթացքը որպես որսորդություն: Սկզբում նա խմեցնում էր զոհին, այնուհետև խաղաղ որևէ վայր տանում: Այնտեղ մանյակը սպանում էր նրան դանակի օգնությամբ, որից հետո մասնատում էր մարմինը, հանում սիրտը, լյարդը և ուտում դրանք:
Հանցագործությունն իրականացնելուց և հետքերը քողարկելուց հետո տղամարդը հաճախ ժամադրության էր գնում իր սիրեցյալի հետ, ով քննադատում էր իրեն «փափկության» համար:
«Կգնամ Սվետկայի մոտ, – գրում է Հանիբալը հերթական սպանությունից հետո: -Միգուցե դադարի նվնվալ, ու հասկանա, որ ես միայնակ գայլ եմ»:
Հետաքննիչները փորձում են պարզել երիտասարդի հոգեբանական վիճակը: Առաջիկայում նա փորձաքննության կուղարկվի:
Իսկ մինչ այդ ավելանում են մանյակի սպանությունների զոհերի թիվը: Մինչ այժմ հայտնի էր 6 սպանության մասին, սակայն հետաքննիչներն արդեն խոսում են 9-ի մասին:
Ձերբակալությունից հետո Ալեքսանդր Բիչկովը խոստովանել է 6 սպանությունների մասին: Նրա տան նկուղում հայտնաբերվել են 3 տղամարդկանց դիակներ:
Կասկածյալի տան հարևանությամբ 5 մարդկանց դիակների մնացորդներ են հայտնաբերվել, ինչպես նաև 6-րդ զոհի գլուխը: Ավելի վաղ ևս 3 դիակներ էին հայտնաբերվել: