ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի դիմումը, ով խնդրել է ստուգել նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի (նկարում) ներկայացված տեղեկանքի իսկությունը, համաձայն որի նա վերջին 5 տարում բնակվել է Հայաստանում: Հակոբյանի դիմումը ԿԸՀ-ն մերժել է:
Նշենք, որ 19-րդ ընտրատարածքում առաջադրված են երկու Հակոբ Հակոբյաններ (մյուսը` Հակոբ Վարշամի Հակոբյան), երկուսն էլ 49 տարեկան են ու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, սակայն այդ ընտրատարածքում ՀՀԿ սատարում է հենց Սեդրակ Սարոյանին, որը փաստորեն կմնա ընտրապայքարում և կշարունակի ստանալ Հանրապետական կուսակցության աջակցությունը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առնչությամբ ասել է, որ, իր կարծիքով, ձևավորվում է անհասկանալի մի ավանդույթ, համաձայն որի քաղաքացիները փորձ են կատարում մի քանի անգամ նույն դիմումները նույն բովանդակությամբ ներկայացնել ԿԸՀ:
«Այս դիմումի պարագայում տեղեկացնեմ, որ այն ստացվել է մարտի 28-ին` դիմումը, որին կից ներկայացված են եղել մի շարք փաստաթղթեր: Նախորդ նիստերի ժամանակ մենք առիթ ունեցանք նշված քաղաքացու կողմից ներկայացված դիմումի քննություն կազմակերպել և ուղղակի նշեմ, որ այդ դիմումը վերաբերում է ԸԸՀ-ի գործառույթներին»,- ասել է Մուկուչյանը:
Նրա խոսքով` դիմումը քննվել է և վերահասցեագրվել է թիվ 19 ԸԸՀ և ոստիկանության անձնագրային և վիազների վարչություն, որտեղից պատասխան է ստացվել, համաձայն որի Սեդրակ Սարոյանը վերջին 5 տարում բնակվել է Հայաստանում:
Լուսանկարը` hetq.am