Home / Հայաստան / Ավարայրի ճակատամա՞րտը, թե՞ Գյումրիի խնդիրները. ադրբեջանական ֆիլմերի մասին

Ավարայրի ճակատամա՞րտը, թե՞ Գյումրիի խնդիրները. ադրբեջանական ֆիլմերի մասին

Գյումրիի  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն իր գոյության 12 տարիների պրակտիկայի համաձայն, բաց է բոլոր  արտահայտվել ցանկացողների համար, և ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու նախաձեռնությունը որևէ կերպ չի կարող բացառություն լինել: Այս  մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ «Ասպարեզ» ակումբը Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ապրիլի 12-ին ցուցադրելու է Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնը պետք է անցկացվեր դեռ 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում, սակայն այն անընդհատ հետաձգվել է, քանի որ կազմակերպիչներին հրաժարվել են տարածք տրամադրել: Ինչպես այն ժամանակ հայտարարում էր փառատոնի կազմակերպիչ, իրավապաշտպան Գեորգի Վանյանն այն տարածքների սեփականատերերի վրա, որոնց հետ ինքը պայմանավորվում էին վարձակալության համար, ճնշում էր գործադրվում:

Լևոն Բարսեղյանն ասել է, որ իր վրա ճնշում փորձել են կիրառել երկու շաբաթ առաջ, երբ ակումբը ցուցադրում էր «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» և «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմերը: Ակումբ է զանգել մի պաշտոնյա, ում անունը Բարսեղյանը չցանկացավ նշել, և խնդրել է ցույց չտալ ֆիլմերը: Զանգողն իր խնդրանքը փորձել է հիմնավորել` ասելով, թե ֆիլմերը,  հնարավոր է, ադրբեջանցու կողմից են նկարահանված: Ի պատասխան՝ Լևոն Բասեղյանը ասել է, որ ֆիլմի հեղինակի ազգությունը կապ չունի և  ցանկացողը արտահայտվելու հնարավորություն պետք է ունենա:

«Հարցը կարող է ունենալ երկու կողմ՝ իրավական և բարոյական: Իրավական առումով՝ Հայաստանում գոյություն չունի որևէ օրենք նման ցուցադրությունն արգելելու համար: Բարոյական առումով՝ փորձում են շահարկել պատմական դրվագները, մեր զոհերի արյունը և այլն: Նույն տրամաբանությամբ` ինչո՞ւ են թուրքական կինոներ ցուցադրում «Ոսկե ծիրան» փառատոնին, ինչո՞ւ են մոռանում Ավարայրի ճակատամարտը և պարսիկ ռեժիսորին մրցանակ տալիս: Ես անձամբ Գեորգի Վանյանի հետ շատ տեսակետներ չեմ կիսում, սակայն դա չի նշանակում, որ նա իրավունք չունի ֆիլմ ցուցադրի Հայաստանում», – ասել է Լևոն Բարսեղյանը:

Ըստ մեր զրուցակցի` ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չցուցադրելու պահանջով որևէ գյումրեցի հանդես չի եկել: Բարսեղյանը միայն տեղեկացել է, որ վաղը Գյումրիի 34-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Արման Սահակյանն ակցիա է կազմակերպում ֆիլմերի փառատոնի դեմ:

«Ասպարեզի» խորհրդի նախագահը հիշեցրել է, որ պաշտոնյաներին պետք է հետաքրքրեն շատ հիմնահարցեր, որ կան Գյումրիում, այլ ոչ թե ֆիլմերի փառատոնը:

«4000 ընտանիք մնալու է անօթևան ամբողջ վերակառուցման ծրագիրը ավարտելուց հետո: Ստում են պաշտոնական թվերը: Գյումրիի 47%-ն աղքատ է: Անելիք չունե՞ք, փառատոնն եք ուզում արգելել», – ասել է Բարսեղյանը: