Home / Հայաստան / Ալեքսանյանը չպետք է ամաչի, որ իրեն Լֆիկ են անվանում, համոզված է Փաշինյանը

Ալեքսանյանը չպետք է ամաչի, որ իրեն Լֆիկ են անվանում, համոզված է Փաշինյանը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպը համարել է ՀՀԿ-ի և Լֆիկ Սամոյի (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան – խմբ.) արձանագրումն այն փաստի, որ այդ համայնքում նրանք հաղթելու շանսեր չունեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը նաև մանրամասնել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Ըստ նրա` նորմալ ընտրարշավը խոչընդոտել են մարդիկ, որոնք ներկայացել են որպես ՀՀԿ անդամներ: Փաշինյանը ահազանգել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցներին բացատրություններ տալու ժամանակ դեպքի վայր է ժամանել Մալաթիա Սեբաստիա համայնքի ոստիկանապետ Դավիթ Օհանյանը, ով մինչ Փաշինյանին մոտենալը գրկախառնվել և համբուրել է այն կանանց, ովքեր քիչ հետո հարձակվել են Նիկոլ Փաշինյանի վրա:

Ըստ Փաշինյանի` կանանց իր դեմ հանելը վկայում է, որ Սամվել Ալեքսանյանը վիրավորվել է, որ Փաշինյանն իրեն Լֆիկ է անվանում: Փաշինյանի խոսքով` մարդ ինքն իր կյանքի ընթացքում է ձեռք բերել այդ անունը և չպետք է ամաչի.

«Պետք չէր կանանց իմ դեմ հանել, Սամվել, կանանց հետևում թաքնվել, սա ընտրություն է, սա շաքար ներմուծել չէ, սա օղի կեղծել չէ, եկեք տղամարդավարի բանավիճենք, մեր թիմերին իրար դեմ չհանենք»:

Լրագրողներից մեկը հարց է ուղղել Փաշինյանին, թե ինչպես է վերջինս վերաբերվում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված հանդուրժողականության մասին կոչին:

«Հանդուրժողականության կոչ անելով` Սարգսյանը նկատի ունի` զիջենք մեր երկիրը լֆիկներին, նեմեցներին, սաշիկներին ու սերժիկներին, բայց նման բան չի լինելու, մենք պայքարելու ենք երկրում Սահմանադրական կարգը հաստատելու համար: Ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ես երեկ տեսա լրիվ այլ Հայաստան: Մենք ասում ենք, որ ճանաչում ենք Հայաստանը, բայց ես տեսա իրական Հայաստանը», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: