Home / Հայաստան / ՀԱԿ-ը կրկին կոչ է անում համախմբվել Հանրապետական կուսակցության դեմ

ՀԱԿ-ը կրկին կոչ է անում համախմբվել Հանրապետական կուսակցության դեմ

Ժողովրդի հաղթանակի հասնելու բանաձևը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի համախմբումն է Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության դեմ: Այս մասին երեկ Մասիսում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Հակահանրապետական ճակատ ստեղծելը դառնում է շատ իրատեսական խնդիր, որը մենք այս ընտրությունների ժամանակ իրագործելու ենք: Բոլորիդ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին  և ամեն ինչ անել, որ մենք կարողանանք ժողորդի ձայները պահել, որովհետև անգամ վախեցած Մասիսում մենք ունենք 30 տոկոս ձայն, խնդիրը միայն այդ ձայները պահելն է», – ասել է Զուրաբյանը:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀԿ-ական թեկնածուներին.

«Սամվել Ալեքսանյանը հինգ-վեց կնիկ ա բերել, հարձակվել են Նիկոլի Փաշինյանի վրա, էսօր Արթուր Սաքունցի գրասենյակի ապակիներն են ջարդել, Գայանեի վրա` մեր թեկնածուի (Գայանե Առուստամյան- խմբ.), ձեռք են բարձրացրել: Ես ձեզ հավատացնում եմ, որ էս բոլորը լրիվ հակառակ ա գնում իրանց վրա: Քյալագոզ Վարդանիկի (Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան- խմբ.) արածները Գյումրիում ժողովրդին կատաղացրել ա, և Գյումրիում ՀՀԿ-ն ձայն չի հավաքելու: Լիսկայի արած վայրենությունները ժողովրդին հանում ա իրա դեմ:  Արմավիրում էն թեկնածուին, որ հանեցին ծեծելով… հիմա բոլորը գազազած են Հանրապետականի դեմ, սա՞ է սրանց բազան, սրանց մարդկային էլիտան, որ բերել են ձեզ, ասում են` քվեարկեք: Փուչ են, դատարկ են, վատն են, ատելի են: Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Դհոլ (նկատի ունի Արտաշես Գեղամյանին – խմբ.), Արթուրիկ Բաղդասարյան… ես էնքան ուրախ եմ, որ էս մարդիկ սրանցով են ռեկլամ անում, ու ասում են` սա է մեր բարոյականը, սա է մեր էլիտարը, սա է մեր թեկնածուն: Ժողովուրդ, ձեռ են առնում, կամ իսկապես իրանք էդպիսին են»:

Արտաշատում կայացած հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը խոսել է ոստիկանների մասին:

Նա հայտարարել է, որ քանի որ ապրիլի 16-ը Ոստիկանության օրն է, չի ցանկանում բացասական խոսել նրանց մասին` շնորհավորելով «հազարավոր  բարեխիղճ ոստիկաններին և սպայական անձնակազմին»:

«Բայց դուք տեսել եք, թե էս ռեժիմին ծառայող ու էդպիսի անչափ ծառայություններ մատուցած բարձրաստիճան ոստիկանների հետ ինչպես են վարվում», – ասել է Գագիկ Ջհանգիրյանը և նշել, որ ներկայիս իշխանությունների համար գործող օրենքները և Սահմանդրությունը գլխացավանք են:

«Եվ  եթե կարողանային, այս Սահմանդրությունն ու օրենքներն էլ կվերացնեին ու կաշխատեին նպատակահարամարությունից ելնելով», – ասել է Ջհանգիրյանը և հավելել, որ տվյալ իրավիճակում ՀԱԿ-ն ԱԺ ընտրություններն օգտագործելու է ոչ թե մանդատ ու խմբակցություն ունենալու համար, այլ ԱԺ-ում լուրջ ներկայություն ունենալու, որպեսզի իշխանափոխության խնդիրը նախագահական ընտրությունների ժամանակ իրականանալի ու ռեալ դարձնի: