Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը չի վախենում կյանքի մնացած հատվածը բանտում անցկացնելուց: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի Օսլոյում ընթացող դատական նիստի ժամանակ:
Նրա խոսքով` նա ամեն ինչ նորից կկրկներ, քանի որ իրեն բարին էր ուղղորդում և ոչ չարը: Միաժամանակ, Բրեյվիկը հավելել է, որ կազմակերպել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ամենադիտարժան հարձակումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքուն հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Անդերս Բրեյվիկը խոստովանել էր, որ երկու հարձակումների պատասխանատուն ինքն է եղել, սակայն չի ընդունում ահաբեկչության մեղադրանքը: Նա իր քայլը բացատրում է Եվրոպան մահմեդականացումից փրկելու ցանկությամբ: