Home / Հայաստան / ՀՀԿ-ական ուսխորհուրդը չէր բողոքում. ուսանողները վստահ են, որ Զոլյանին ազատելը քաղաքական որոշում է

ՀՀԿ-ական ուսխորհուրդը չէր բողոքում. ուսանողները վստահ են, որ Զոլյանին ազատելը քաղաքական որոշում է

«Չկա պարոն Զոլյանը, չկանք մենք»: Այս կարգախոսն էին որդեգրել այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ ուսանողներ:

Ինչպես տեղից հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ միակ ոչ ՀՀԿ-ական ռեկտոր Սուրեն Զոլյանին լիազորություններից զրկելը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ «եթե ընտրությունները չլինեին, նման բան չէր լինի»:

Ակցիայի մասնակիցներից Միքայելը որպես որոշման քաղաքական շարժառիթների ապացույց բերեց այն փաստը, որ ՀՀԿ-ական Հասմիկ Ափյանի գլխավորած ԵՊԼՀ-ի ուսանողական խորհուրդը չի մասնակցում ակցիային և ինքը` Հասմիկը, շատ պասիվ է իրեն պահում:

«Այն փաստը, որը Հասմիկը չկա, վկայում է նրա քաղաքական դիրքորոշման մասին», – ասել է Միքայելը:

Ուսանողները սկսել են պահանջել, որ Հասմիկ Ափյանը ներկայանա և մասնակցի ի պաշտպանություն ռեկտորի անցկացվող բողոքի ակցիաներին:

Հավաքվածները նշել են, որ իրենք ենթարկվում են ռեկտորի հրամանին, ով կարգադրել է դասերը շարունակել բնականոն հունով, և Կրթության և գիտության նախարարության դեմ բողոքի ակցիա կանցկացնեն դասերի ավարտից հետո:

Ուսանողները պահանջելու են ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը:

Նշենք նաև, որ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` Սուրեն Զոլյանը չեղյալ է հայտարարել ապրիլի 18-20-ը ներառյալ իր գործուղումը Գերմանիա, որտեղ նա պետք է գիտաժողովի մասնակցեր: