Գուրգեն Եղիազարյանը հողի ու ջրի մարդ է և ծանոթ է գառնեցիների հոգսերին: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 21-ին Գառնիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ներկայացնելով իր կուսակցության անդամ, պատգամավորթւթյան թեկնածու առաջադրված Գուրգեն Եղիազարյանին:
«Մինչ ընտրություն կատարելը նախևառաջ ձեզ հարց պիտի տաք՝ ի՞նչ է փոխվել ձեր կյանքում հինգ տարվա ընթացքում Հանրապետական կուսակցության ղեկավարման օրոք: Եթե անդրադառնում ենք նրանց նախընտրական ծրագրին, ուրեմն կետ առ կետ կարելի է ընթերցել ու ասել, որ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրի ոչ մի կետ չի կատարել, ծայրից ծայր սուտ է ասել, և այսօր այդ ստի հետ միասին մեզ համոզում է՝ «հավատանք, որ փոխենք»: Այնքան ակնհայտ է այս իշխանությունների վարքագիծը, նրանց հանցագործ կերպարը, որ ով նրանց ձայն տա, ուրեմն մասնակից է նրանց հանցագործություններին», – ասել է ՍԴՀԿ ատենապետը:
Գուրգեն Եղիազարյանն իր ելույթում խոսել է վերջին չորս տարվա ընթացքում, իր խոսքով, «գառնեցիների գլխով եկած ու անցածի մասին»:
«Չորս տարի առաջ էդ ՀՀԿ կոչվածը ձեզ ոսկե սարեր խոստացավ, թե երկու անգամ պետք է բարելավի ձեր կյանքը: Միանշանակ մի չորս անգամ այն վատացրեց, խոստացավ, որ մեր թոշակառուն կապրի արժանավայել մարդու կյանքով, մեր թոշակառուին ուղղակի մուրացկան դարձրեցին», – ասել է Եղիազարյանը:
Խոսելով գյուղի խնդիրների մասին՝ նա հիշեցրել է, որ նախորդ օրն Արագածոտնի մարզում «ուղղակի ռազմական հեղափոխության արդյունքում իշխանության եկած Սերժ Սարգսյանը հայտարարեց հետևյալը՝ հողը սրբություն է, հողը արժեք է»:
«Ես լսել եմ, որ նա գալու է Գառնի: Մի հատ հարցրեք էլի, ասեք՝ էդ որ հողը սրբություն է ու հողը արժեք է, ինչպես է պատահում, որ Գառնին, որը տրադիցիոն ՀՀ ամենահարուստ գյուղերից մեկն է, էսօր ութսուն տոկոս իր վարելահողերը չի վարում: Ինչի հետևանք է դա… ուր գնաց, մի թել կտրեց, հաջորդ օրը էդ գործարանը փակվելու է: Եկավ, մի բան խոսաց՝ չոռը տանելու է Գառնին», – ասել է Գուրգեն Եղիազարյանը:
Նա հայտարարել է, որ շահարկվող «մութ ու ցուրտ» տարիների թեմայի մաիսն իրենց արդեն չեն հարցում, որովհետև արդեն իսկ մարդիկ ամեն ինչ հասկացել են:
«Որովհետև չկա մի երկիր, որը պատերազմել է ու մութ ու ցուրտ չի եղել: Ամենահարուստ Եվրոպայում միշտ էլ ցուրտ ա եղել, մութ ա եղել, Լենինգրադում մարդակերություն է եղել պատերազմի ժամանակ: Փառք Աստծո, մենք պատերազմը շահեցինք և մարդակերություն չեղավ, էն դեպքում, երբ որ հինգ հարյուր հազար փախստական էր պահվում Երևանի կենտրոնում, օրական էդ հինգ հարյուր հազար փախստականներին, երկրաշարժից տուժածներին և Ադրբեջանից գաղթածներին երեք անգամ հաց էինք տալիս: Դրա հետ մեկտեղ փամփուշտ էինք գնում, որպեսզի մեր հայորդին իր սահամանները պահպանի: Էս պարագաներում մենք հաղթանակ կռեցինք, հիմա, փառք Աստծո, պատերազմ չկա, ոչ մի բան չկա: Հիմա կգա՝ վաղը, մյուս օրը, սա (նկատի ունի Սերժ Սարգսյանին- խմբ.) դպրոցների ուսուցիչներով իր բարեկամներով, հարազատներով կհավաքեն, կբերեն, կլցնեն ստեղ, և ձեր ամեն մեկի ձեռը կտան մի տասը-տասնհիգն հատ լաթ, դրանք թափ կտան, էդ մայմունութունը կանեն, կթողնեն-կգնան: Նպատակը սրան անցկացնելն ա, ասենք թե նրան անցկացրեցին, մի անգամ տեսաք էդ մարդուն, երկրորդ անգամ տեսնելո՞ւ եք, էլ չեք տեսնելու: Ցուցակներ են կազմում, խոսք են տալիս տասնհինգ հազարներ ձեզ բաժանել, բայց տասնհինգ հազար ձեզ չի հասնի, կեսին կհասնի, կեսին՝ չի հասնի»,- ասել է Եղիազարյանը: