Վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդ կողմը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, դրա արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ:
Մասնավորապես, ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Մադոյանը և Էռնեստ Սարգսյանը:
«Վերոնշյալ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և, ցինիկաբար անտեսելով Ժնևյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաև սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան», – նշում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: