Ապրիլի 26-ին Գորիսում նախընտրական հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին, քանի որ, ընդդիմության ղեկավարի խոսքով, մարդիկ ահաբեկչության մթնոլորտում քաջություն են ունեցել գալ լսելու ճշմարտության խոսքը:
«Ինչո՞ւ են ձեզ ահաբեկում, որովհետև այս իշխանությունները վախենում են ճշմարտությունից: Ճշմարտությունից կարող է վախենալ միայն հանցագործը: Քիչ առաջ ասվեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներում նշում է, որ «մենք Հայաստանը չենք ծախի»: Ես հավատում եմ՝ այո, նրանք Հայաստանը չեն ծախի, որովհետև նրանք Հայաստանը առել են, գնել են բիրիքով, ինչպես ասում են: Բոլորիդ դարձրել են ստրուկ, հինգ տարի շարունակ 17 հեռուստակայաններով ձեզ սուտ են ասել, այդպես անում են բոլոր բռնապետությունները», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Ներկայումս Հայաստանում ստեղծված վիճակը նա համեմատել է ստալինյան ժամանակահատվածի հետ:
«Ստալինի գործը ի՞նչ էր… ստեղծել էր մի պետական քարոզչական մեքենա: Հեքիաթներով, ստերով կերակրում էր ժողովրդին, և եթե մեկը փորձեր ճշմարտություն ասել, նա կամ գնդակահարվում էր, կամ Սիբիր էին ուղարկում: Հիմա էլ էս մարդիկ, որոնք փոքրիկ ստալինիկներ են, ուզում են մեր ժողովրդին ահա այս վիճակի մեջ պահել: Հավատացե’ք, դուք՝ ստրուկ, բոլորս, ամբողջ հայ ազգը ստրուկ է դարձել մի բուռ ավազակների, գողերի ձեռքը: Հայաստանի բոլոր բարձրագույն պետական պաշտոնյաները՝ սկսած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, այսօրվա նախագահից, այսօրվա վարչապետով, բոլոր նախարարներով, բոլոր մարզպետերով, բոլոր գեներալներով, բոլոր դատախազներով, դատավորներով գողեր, ավազակներ, թալանչիներ են: Ումի՞ց եք վախենում, ինչո՞ւ սիսիանցին չվախեցավ: Քիչ առաջ, մի ժամ, երկու ժամ առաջ Սիսիանի հրապաարկում երեք հազար մարդ էր հավաքված: Ի՞նչ է եղել, զնագեզուրցի՞ն պիտի վախենա: 18-20 թվականներին, մինչև 1921 թվականը ոչ մեկից չվախեցավ, Անդրանիկի, Նժդեհի գլխավորությամբ կռվեց և’ մուսավաթական խուժանի դեմ, և’ օսմանյան բանակների դեմ, և’ խորհրդային Կարմիր բանակի դեմ: 88-90-ական թվականներին էլի գորիսեցին չէ՞ր, սիսիանցին չէ՞ր , որ առաջինը զենք բարձրացրեց ադրբեջանցիների դեմ և հաղթական պատերազմ տարավ Ադրբեջանի նկատմամբ: Հիմա ասում են էս ժողովուրդը վախեցած է: Տո վախեցա՞ծ են մի բուռ գողերից, ավազակներից, ողորմելիներից: Թող իրենք վախենան: Իրենք ձեզանից ավելի շատ են վախեցած», – հայտարարել է ՀՀ առաջին նախագահը:
Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև ընտրակաշառքների թեմային՝ կոչ անելով խաբել իշխանություններին:
«Էս իշխանությունները 14 տարի ձեզ խաբել են, մի անգամ էլ դուք իրենց խաբեք: Ասեք՝ տուր էդ կաշառքը, գնացեք, քվեարկեք նրա դեմ, ուրիշ ձև չունեք: Մայիսի 6-ին, եթե դուք գնում եք, ոչ մի ձայն չեք տալիս ՀՀԿ-ին, նրա նախագահ Սերժ Սարգսյանին և ձեր ձայնը միահամուռ տալիս եք Հայ Ազգային Կոնգրեսին, ուրեմն ունեք փրկության ճանապարհ, այլապես ոչ ոքի չմեղադրեք», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը: