Մեծ Բրիտանիայի վիրաբույժները բացառիկ վիրահատություն են անցկացրել: Նրանք արհեստական աչք են տեղադրել 20 տարի առաջ տեսողությունը կորցրած Քրիս Ջեյմսին: Վիրահատությունից հետո գենետիկ հիվանդությունից կուրացած տղամարդը կրկին կարող է տեսնել, սակայն ոչ այդքան հստակ:
Բրիտանացի գիտնականներն առաջին անգամ էին նման վիրահատություն անցկացնում: Աչքի ցանցաթաղանթում միկրոչիպը տեղադրելու վրա բժիշկները 8 ժամ են ծախսել: 3 մմ սենսորային սարքը 1500 պիկսել հզորությամբ պատկեր է փոխանցում: Այս կամ այն առարկան ֆիքսելով, արհեստական աչքը ազդակներ է ուղարկում տեսողության համար պատասխանատու ուղեղի հատվածին:
Բժիշկները նշում են, որ վերականգնվելուց հետո հիվանդը աշխարհը տեսնելու է սև ու սպիտակ գույների մեջ: Ինքը` Ջեյմսը, փաստում է, որ տեսնում է միայն առարկաների ուրվագծերը: Բժիշկները, սակայն, վստահ են, որ տեսողությունը ժամանակի ընթացքում կվերականգնվի:
«Տղամարդը 20 տարի կույր էր, այդ իսկ պատճառով, առնվազն 2-3 շաբաթ է պահանջվում, որպեսզի ուղեղը ընտելանա կրկին տեսնելուն: Օրեցօր այն ավելի ու ավելի շատ առարկաներ կտարբեր և աստիճանաբար կսկսի գործել, ինչպես և առողջ մարդկանց դեպքում: Հավատում ենք, որ մի օր Ջեյմսը կսկսի տարբերել նաև դեմքերը»,-իր կանխատեսումների մասին պատմել է վիրաբույժներից մեկը: