Մի քանի օր է՝ մոտ 2000 բնակչություն ունեցող այս փոքր գյուղում մեկը մյուսի հետևից արտառոց իրադարձություններ են տեղի ունենում: Aravot.am-ի փոխանցմամբ` ամենաթարմ դեպքը 60-ամյա Գոհարիկ Բենոյանին բռնաբարելն է. համագյուղացի 53-ամյա Իշխան Հովսեփյանը՝ Չուչո մականունով, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, ներխուժելով երբեւէ չամուսնացած ու միայնակ ապրող Գոհարի տուն՝ նրան ծեծելով բռնաբարել է: Շիրակի մարզի դատախազությունից «Առավոտին» փոխանցեցին, որ հարուցվել է քրեական գործ, Իշխանը ձերբակալված է:
Հոդվածը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում: Դատախազության համաձայն` Իշխանը նախկինում վեց անգամ դատված է եղել: Իսկ բասենցիները նրան բնութագրեցին որպես մանկուց ավազակությամբ ու գողությամբ զբաղվող մարդու:
Ըստ գյուղացիների` վերջինս 3 երեխաների հայր է, 2 տարի առաջ նրա որդիներից մեկը հիվանդության պատճառով մահացել է բանակում, նախագահ Սերժ Սարգսյանն էլ, որպես զոհված զինվորի ընտանիքի, նրանց արտահերթ բնակարան է հատկացրել Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասում: Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանի տեղեկացմամբ, Իշխանի մյուս որդին Ռուսաստանում է, իսկ դուստրը՝ դպրոցահասակ երեխա է: Գյուղապետի խոսքով` Գոհարիկ Բենոյանը նույնպես առողջական խնդիրներ ունեցող, անպաշտպան կին է, խոցելի խավ:
«Նման ամոթալի դեպք երբեք տեղի չի ունեցել գյուղի պատմության մեջ, իմ գիտակցական կյանքում, տեղյակ եմ, որ Իշխանը հիվանդության թուղթ ունի, Գոհարը նույնպես հիվանդ է, սա հանգիստ գյուղ է, մարդիկ իրոք լավն են ու ջերմ, բայց պատկերացրեք մի հոգի իր անհավասարակշիռ, անպատկառ ու անամոթ պահվածքով ստվեր է գցում այս գյուղի անբիծ անվան վրա: Ես շատ վատ եմ զգում: Իսկական աստվածուրացության շրջան է սկսվել: Գիտեմ, որ նա միշտ գողությունների համար դատվել է, բայց երբեւէ բռնաբարության համար նստած չկար»,- «Առավոտին» ասել է գյուղապետը:
Գյուղացիները պնդում են, որ Իշխանը հարբած է եղել, նրանք նաև խոստովանում են, որ թեեւ դեպքը ցնցել է իրենց, այդուհանդերձ գիտակցելով Իշխանի հիվանդ լինելը, հավասարաչափ խղճում են թե Գոհարին, եւ թե Իշխանին:
Ավելի վաղ այս շաբաթ գյուղում ևս մեկ սկանդալ էր տեղի ունեցել: Գյուղապետ Համլետ Պետրոսյանի նախկին տեղակալը՝ Կամո Հովհաննիսյանը, ամբողջ գյուղի ներկայությամբ գետին էր գցել գյուղապետին՝ նրան ոտքերով հարվածելով ու արյունլվա անելով: Ինչպես պատմել է գյուղապետը, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, ինքը աշխատանքից տուն է եկել ու դեռ շորերը չփոխած՝ իր մոտ է եկել Կամո Հովհաննիսյանի զարմիկը՝ իրեն խնդրելով գալ ու բացել գյուղամիջյան ճանապարհներից մեկը: Ըստ Համլետ Պետրոսյանի` խոսքը այն ճանապարհի մասին է, որը մոտ 15-20 տարի փակ է, ընտանիքներից մեկը փակել է այն, որպեսզի գյուղացիները իրենց դռները չկեղտոտեն. անասուններին այդտեղով չտանեն արածացնելու: Կամո Հովհաննիսյանը, ով վեճի մեջ է մտել տանտերերի հետ, տեսնելով գյուղապետին՝ պահանջել է անհապաղ բացել այն՝ իր անասուններին նախիր տանելու համար: Եվ մինչև Համլետ Պետրոսյանը գործիքներ է բերել տվել ճանապարհը բացելու համար, Կամո Հովհաննիսյանը հոխորտացել է, նրան սպառնացել է, ամենալկտի հայհոյանքներ տեղացել նրա հասցեին, այնուհետ հրահանգել է լոմը վերցնել ու անձամբ ճանապարհը բացել: Ըստ պարոն Պետրոսյանի, իր նախկին տեղակալը այս ամենը կազմակերպել է՝ ցույց տալու համար, որ գյուղապետը անկարող, թույլ մարդ է: Այնուհետ Կամո Հովհաննիսյանը գետին է գցել գյուղապետին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան, շորերը պատառոտել է, արյունլա արել: Իսկ ո՞րն է եղել պատճառը, մի՞թե Կամո Հովհաննիսյանը ԲՀԿ-ական է, ով փորձել է դուրս գալ ՀՀԿ-ական գյուղապետի դեմ, Համլետ Պետրոսյանը պատասխանեց. «Ես իրոք չգիտեմ նա ԲՀԿ-ական է, թե՝ ոչ, ես 3 տարի է՝ նրա հետ կապ չեմ ունեցել, բայց ենթադրում եմ, որ նա այս ձեւով որոշեց ինձանից անձնական վրեժ լուծել: Երբ ես 4 տարի առաջ ընտրվեցի գյուղապետ, նա իմ տեղակալն էր, նա իրեն վատ պահեց ու 3 ամիս անց իր դիմումի համաձայն հեռացավ աշխատանքից: Դրանից հետո կարծես թե առիթ էր փնտրում ինձանից վրեժ լուծելու: Իսկ հիմա՝ ընտրությունների նախաշեմին, փորձեց ինձ վարկաբեկել, շանտաժի ենթարկել, որպեսզի ես չկարողանամ ձայներ հավաքել իմ կուսակցության՝ ՀՀԿ-ի օգտին, ինքն էլ կանգնի՝ հայտարարի, որ ես չկարողացա ՀՀԿ-ին օգնել: Բայց ասեմ, որ ամբողջ գյուղը իմ կողքին է: Ես ուզեցի մտածել, որ այս ամենը պատահականություն է, բայց տվյալ պահին իմ զգացածը ու նաեւ դեպքերի զարգացումը ինձ հուշում են, որ այդ մարդը իր առջեւ քաղաքական խնդիր է դրել՝ ինձ վարկաբեկել, շանտաժի ենթարկել: Մինչեւ օրս էլ այդ ճանապարհը փակ է, բո ո՞նց են տանում իրենց անասուններին նախիր, ուրիշ ճանապարհ էլ կա իհարկե, հարց է ծագում՝ ինչու՞ հենց այս պահին մտքերն ընկավ փակ ճանապարհը բացել տալը»,- հարցնում է գյուղապետը: