ՀՀ իշխանությունները ծրագրել են Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այդ պաշտոնում փոխարինել թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արման Սահակյանով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ վերջինս մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում այդ ընտրատարածքում պարտվել է ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, ՀՀԿ-ն Գյումրիում հավաքել է 24,5 տոկոս ձայն, իսկ ԲՀԿ-ն` 44,46 տոկոս:
«ՀՀԿ-ում նման պարտության թիվ մեկ պատասխանատու համարում են Վարդան Ղուկասյանին: Գյումրիի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի կամ 9-ին, կամ` 16-ին: Վարդան Ղուկասյանը ՀՀԿ ցուցակի 76-րդ համարն է, և ինչպես հայտնել են թերթի հանրապետական աղբյուրները, ենթադրվում է, որ նրան կտանեն խորհրդարան, իսկ Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կանցկացնեն», – գրում է թերթը:
Ըստ «ՀԺ»-ի` Սերժ Սարգսյանը որոշել է նախագահական ընտրություններից առաջ իրավիաճակն ու մթնոլորտը հանրապետության երկրորդ քաղաքում փոխել և այնտեղ ամրացնել իր դիրքերը: