Եվրամիությունը ԼՂ հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների փաթեթ է պատրաստել:
АПА գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: «ԵՄ-ն մի շարք գաղափարներ ունի, որոնք կարող էին նպաստել Լեռնային ղարաբաղի շուրջ հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդմանը: Դրանք դեռևս չեն ընդունվել հակամարտող երկրներից կողմից»,-նշել է նա:
«Հույս ունենք, որ առաջիկայում կողմերը կընդունեն այդ առաջարկները: Եվ դա ցույց կտա, որ կողմերը իսկապես հակված են տվյալ խնդրի լուծմանը»,-հավելել է Կոբիան:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է մեծացնել իր աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Տվյալ առաջարկները քննարկվում են Հայաստանի և Ադրբեջանի հետ: Նրանք ուղղված են մարդկանց միջև վստահության վերականգնմանը: Հակամարտությունը շատ երկար է ձգվում, շփման գոտում մարդիկ են զոհվում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, բայց պաշտոնական բանակցություններից բացի շատ կարևոր է վերականգնել մարդկանց միջև վստահությունը»,-հայտարարել է դեսպանը: