ԱՄՆ Չիկագո քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի դեմ անցկացվող բողոքի ակցիաների հետևանքով 45 մարդ է ձերբակալվել, իրավապահ մարմինների 4 ներկայացուցիչներ վնասվածքներ են ստացել, կիրակի գիշերը կայացած ճեպազրույցի ընթացքում հաղորդել է քաղաքի ոստիկանությունը: Ասուլիսը հաջորդել է մի քանի ժամ առաջ ոստիկանության և ցուցարարների միջև ՄաքՔորմիք պալատի մոտ տեղի ունեցած բախմանը:
Հազարավոր մարդիկ, այդ թվում` Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ամերիկացի վետերաններ դուրս էին եկել խաղաղ երթի և հանրահավաքի` ըննդեմ Չիկագոյում անցկացվող ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովի: Ոստիկանությունը դիմել է ձերբակալությունների այն բանից հետո, երբ ցուցարարները հրաժարվել են ցրվել:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, ոստիկանները բախվել են անարխիստական «Սև Բլոկ» խմբի անդամների հետ:
Երթի վերջում վետերանները նետել են ՆԱՏՕ-ի իրենց շքանշանները: Վետերաններից ոմանք ABC հեռուստաալիքի հետ զրույցում նշել են, որ հույս ունեին, թե ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կհանդիպեն իրենց և հետ կվերցնեն շքանշանները: