2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը վերածվել է բռնապետի` ամբողջապես ենթարկվելով նախաքննական մարմնին, կատարելով նախաքննական մարմնի ցուցումները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` հիմք ընդունելով վերջին դատական նիստերը:
«Մարդանյանը հունիսի 5-ի նիստին, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, արգելեց ինձ միջնորդություն անել, ամբաստանյալների փաստաբաններին արգելեց անել հայտարարություն` ասելով, որ դեռ հայտարարությունների և միջնորդությունների փուլը չի: Սա թույլ տվեց ինձ հայտարարել, որ մենք գտնվում ենք ոչ թե դատարանի դահլիճում, այլ աբսուրդի թատրոնում: Դատավորը ինչ-որ անհեթեթ հիքմեր է բերում և թույլ չի տալիս, որպեսզի կողմերն իրենց տեսակետներն արտահայտեն, իրենց միջնորդություններն անեն: Դրա հիմքի վրա ես բացարկ հայտնեցի Մարդանյանին, նա հայտարարեց, որ Մարտիրոսյանը արդեն բազմիցս բացարկներ է հայտնել իրեն, գտավ, որ այս անգամ ինքը իրավասու է տուժողի բացարկը քննության չառնել:
Սրանով նա բացահայտ ցույց է տալիս, որ ինքը փոքրիկ բռնապետ է, բայց իրականում ոչ թե բռնապետ է, այլ` խամաճիկ, կամակատարն է նախաքննական մարմնի: Քանի որ, ոչ գլխավոր դատախազը, ոչ զինվորական դատախազը չեն արձագանքում այս անօրինականություններին` տուժող կողմը համոզված է, որ հենց նրանց հրամանն է կատարում Մարդանյանը»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Վերջինս տեղեկացրել է, որ հաջորդ նիստին, որը կկայանա վաղը, իր հայտարարության համաձայն պետք է ցուցմունք տա ամբաստանյալ Վահագն Հայրապետյանը, ով, Մարտիրոսյանի խոսքով, ամբողջապես հրաժարվում է նախաքննական ցուցմունքներից:
Հայրապետյանը մեղադրվում է նրանում, որ կապիտան Հակոբ Մանուկյանի խնդրանքով, ինքը, «Լույս» հենակետի ավագը լինելով, եկել է մարտական հենակետ և Հակոբ Մանուկյանի հետ միասին ծեծի է ենթարկել Արտակ Նազարյանին: Այս ամբաստանյալը 7 ամիս շարունակ գործով անցել է որպես վկա:
Խոսելով նաև գործը Երևանից Իջևան տեղափոխելու դատավոր Մարդանյանի հիմնավորման մասին, թե Երևանում կարգ ու կանոն հնարավոր չէ պահպանել և որ վկաների մեծ մասը ծառայում և ապրում է Տավուշի մարզում, Ռուբեն Մարտիրոսյանն ասել է.
«Ըստ օրենքի` դատավորը չի, որ պետք է կարգ ու կանոն պահպանի դատարանում, դրա համար կան անհրաժեշտ ծառայություններ: Երկրորդ` Շենգավիթի դատարանը Հայաստանում առավել ապահովված դատարանն է, որտեղ անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են. Երրորդ` այս պահին արդեն ոչ մի վկա Տավուշի մարզից չկա, բոլորը հարցաքննվել են, մնում են երկու վկաներ, որոնց ներկայությունը դատավորը չի կարողանում ապահովել»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ թե այդ երկու վկաներին, թե ամբաստանյալներին ու նրանց փաստաբաններին, տուժող կողմին, մեղադրող կողմին և փորձագետներին, առավել հարմար է: Մարտիրոսյանի խոսքով` բոլոր հիմքերը կան, որպեսզի դատն անցկացվի Երևանում, սակայն Մարդանյանը դա չի անում միան այն պատճառով, որ չի ցանկանում, որ գործի շուրջ աղմուկ բարձրանա:
Հիշեցնենք, որ արդեն հինգ ամիս է` գործը Երևանից տեղափոխվել է Տավուշի մարզ, և, Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով, դատավարությունը շատ անարդյունավետ է ընթանում: