Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանություն է տվրել «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ոռոգման ջուր մատակարարել Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերին։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։
«Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը, – հավելել է նա։ – Մեկ հեկտարի ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»։
Տիգրան Սարգսյանը ջրպետկոմի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: