Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երկրի ղեկավարը տոնի և նաև Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզին և դեսպանատան աշխատակիցներին:
Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ Թագուհին վաստակել է ոչ միայն իր հպատակների, այլ նաև աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հարգանքն ու սերը:
Հանրապետության նախագահը դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզի հետ քննարկել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: