2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի մայրը՝ Լենա Սարուխանյանը, արդեն չորս անգամ հարցում է ուղարկել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, սակայն դեռևս պատասխան չի ստացել:
Լենա Սարուխանյանը, մասնավորապես, հարցնում է, թե ՀՀ Սահմանադրության օրենքի որ կետի համաձայն է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայր դարձել այլ պետության մայրաքաղաքը` տվյալ դեպքում Ստեփանակերտ քաղաքը, ուր նրան հրավիրում են որդու գործով դատաքննության:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:
«Արման Մկրտումյանը չորս անգամ ծնողի դիմելուց հետո չի բարեհաճել նրան տալ պատասխան, դրա փոխարեն՝ համաձայն ՀՀ դատական դեպարտամենտի գրության, իբր ծնողին պատասխանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը: Իրականում նշված դատավորը այս խնդրին ընդհանրապես չի անդրադարձել և որևէ իրական պատասխան չի տվել ծնողի վերջին գրությանը:
Իր պատասխանում դեպարտամենտը նշում է, որ իբր արդեն բազմիցս պատասխանել է Լենա Սարուխանյանին: Գրության երկրորդ պարբերությունում դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Փոլադյանը գրում է.
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:
Սակայն մեր հարցումը կապ չուներ արտագնա նիստերի հետ: Ծնողի հարցը այլ պետության մայրաքաղաքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայր ճանաչելն էր: Նման իրավունք չուներ ոչ մեկը: Մինչդեռ պարոն Կարեն Փոլադյանը ակնարկում է, թե իբր դատավորը Ստեփանակրետում արտագնա նիստ էր նշանակել»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Նա հիշեցրել է, որ դատավոր Լեռնիկ Աթանյանը, երբ Լենա Սարուխանյանին դատին մասնակցելու ծանուցագիր էր ուղարկել, դրանում նշված է եղել, որ դատը կկայանա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում:
«Տվյալ դեպքում պարոն Փոլադյանը փորձում է շրջանցել մեր հարցը, չպատասխանելով դրան, քանի որ, ըստ ծնողի ունեցած հավաստի տվյալնեի, չէր էլ կարող լինել նման որոշում, որպեսզի այլ պետության մայրաքաղաքը դառնա Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայր: Սա ապօրինություն է, որևէ օրենքով չհաստատված, հիշեցնենք նաև, որ մինչև օրս մենք չենք կարողանում ստանալ մեկ այլ առավել կարևոր հարցի պատասխան, թե ՀՀ Սահմանադրության և օրենքի որ կետի համաձայն է ՀՀ քաղաքացի Թորգոմ Սարուխանյանը հանձնվել այլ պետության՝ տվյալ դեպքում ԼՂՀ բանակին: Մենք կարող էինք ուղարկել ԼՂՀ հայկական զորամիավորում, եթե դա օրինական է, որպեսզի մենք պաշտպանեինք մեր հայրենակիցներին: Բայց ո՞վ ա ձեզ թույլ տվել այլ պետության բանակին զինվոր տալ և ո՞ւմից մենք այսօր պահանջենք այդ զինվորին», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը: