Home / Հայաստան / Նորքի բնակիչները բանվորներին ճանապարհել են տուն. թույլ չեն տալիս թանգարան կառուցել

Նորքի բնակիչները բանվորներին ճանապարհել են տուն. թույլ չեն տալիս թանգարան կառուցել

Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում կիրակի օրը մեկնարկած շինարարությունն այսօր կրկին փորձ է արվել վերսկսել, սակայն բնակիչները թույլ չեն տվել` պահանջելով, որ քաղաքապետարանն անցկացնի հանրային լսումներ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Նոր Նորքի բնակիչ, ակտվիստ Աննա Շահնազարյանը:

Խոսքը տվյալ տարածքում Նանսենի անվան թանգարան կառուցելու մասին է: Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ հայտնել են, որ շինարարությունը չպետք է զարմանք առաջացներ, քանի որ  թանգարան կառուցելու մասին որոշում կայացվել էր դեռևս անցյալ տարի` Նանսենի 150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Իսկ այս տարի` մայիսի 22-ին, քաղաքաշինության խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը ընդունել է թանգարանի համար առաջարկված էսքիզը: Ավելին` դրա կառուցմամբ որևէ վնաս չի հասցվի բնությանը, քանի որ բետոնապատ հարթակը արդեն կա:

Միևնույն ժամանակ, այգին փրկել փորձող ակտիվիստները ասում են, որ միայն այսօր են մեքենաները ավազ,  քարեր լցրել և փորձ են կատարել սկսել բետոնապատում:

Աննա Շահնազարյանի խոսքով` այգում թանգարան կառուցելու սույն նախագիծը օրենքի խախտում է, քանի որ համաձայն քաղաքաշինության մասին օրենքի` ցանկացած գործունեութուն, որ հանգեցնում է կենսամիջավայրի փոփոխության, պետք է թույլ տրվի հանրային լսումներ անցկացնելուց հետո, իսկ Նորքի զբոսայգու մասին որևէ լսում չի անցկացվել:

Տեղեկացնենք, որ այգում այս պահին ընթանում է ստորագրահավաք` թանգարանի կառուցման դեմ, իսկ  բետոնապատման աշխատանքները սկսել փորձող բանվորներին Նորքի բնակիչները ստիպել են հեռանալ և չվերադառնալ, քանի դեռ  քաղաքապետարանը չի պատասխանել ակտիվիստների հարցմանը և հարցը մնում է վիճարկելի: