Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 հասցեի 3 բնակիչներն այսօր կրկին հանդիպել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանին ու նրան ներկայացրել բակի 60 բնակիչների ստորագրություններով մի փաստաթուղթ, որտեղ վերջիններս պահանջել են դադարեցնել իրենց բակում սկսված ապօրինի շինարարությունը: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Գայանե Եղիազարյանը:
Շիրազի 14 փողոցի բնակիչները բողոքում են կեղծ հիմքերով 1 տարի առաջ իրենց բակի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանի անօրինական գործողությունների դեմ: Նրանք դիմել են տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատարան՝ գործարքը չեղյալ համարելու համար, այդ ընթացքում ՝ 2011 թվականի մարտ ամսին Մկրտչյանը ոչնչացրել է բակի այգու 16 պտղատու ու դեկորատիվ ծառերից 10-ը: Մնացած 6 ծառերը նա կտրել էր 8 օր առաջ` հունիսի 6-ին:
Եղիազարյանի խոսքով՝ Մուրադյանն անցյալ հինգշաբթի իրենց խոստացել էր ստուգումներ անցկացնել՝ պարզելու՝ արդյո՞ք տարածքի վերաբերյալ Մկրտչյանը շինթույլտվություն ունի:
«Մուրադյանն ասաց, որ ինքը ճշտել է ու շինթույլտվությունը կա: Մենք ներկայացնում ենք, որ դա մեր բակի տարածքն է, նա էլ պնդում է, թե, ըստ իր մոտ եղած գծագրի, բակի տարածք չէ: Բնակիչներով խնդրեցինք մեկ անգամ ևս ստուգել, Մուրադյանն էլ խոստացավ, որ այսօր մարդ կուղարկի ճշտելու ու եթե պարզվի, որ շինարարությունը գնում է բակային տարածքում, ապա իրենք կվերացնեն շինթույլտվությունն ու կվերանայեն այդ հարցը», – պատմել է Եղիազարյանը՝ կասկած հայտնելով, թե իրենք այքան էլ չեն հավատում պաշտոնյաների խոսքերին:
«Մուրադյանը խոստացել է վաղը պատասխանել մեզ, պարզապես չգիտեմ՝ սա հերթական սո՞ւտն է՝ մեզանից ժամանակ խլելու ու մեզ լռեցնելու, թե՞ իրոք այս անգամ բարեխիղճ կգտնվեն ու հարցին ճիշտ լուծում կտան», – ասել է Եղիազարյանը: