Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Դրանցից մեկը նախկին քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է:
Եվրադատարանն իր վճռով արձանագրել է, որ Վարդան Մալխասյանը, 2006-ի դեկտեմբերի 9-ից մինչև նրա վերաբերյալ դատավճիռ կայացնելը` շուրջ 8 ամիս, կալանքի տակ պահվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Եվրադատարանը վճռել է, որ Վարդան Մալխասյանի իրավունքների խախտման համար, որպես փոխհատուցում, ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 4 հազար 500 եվրո:
Մյուսը` 2006-ին սկսված և 2007-ի տարեվերջին իր հանգուցալուծումը գտած գործն է, որի հիման վրա ՀՀ կառավարությունը պարտավոր է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանին վճարել 8 հազար եվրո փոխհատուցում: Սպանության փորձի և ավազակային հարձակման մեղադրանքով նա մեկ տարի երկու ամիս պահվել է կալանքի տակ, հետո` արդարացվել: Եվրադատարանը վճռել է, որ Փիրուզյանը կալանքի տակ է պահվել Կոնվենցիայի խախտմամբ: