Հունիսի 28-ին «Ժողովուրդը» գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը, ով հայտնի է Պալաչ մականվամբ, դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի և տրանսպորտի նախարարությանը` պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 և 275 համարի երթուղային գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել:
Ըստ թերթի աղբյուրների՝ նշված բոլոր գերատեսչությունները Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Պալաչը նման բողոք է ուղարկել իրենց: Սերժ Սարգսյանը ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին հանձնարարել է «օրենքի սահմաններում» հայտարարել, որ ինքը չի կարող արգելել այդ տրանսպորտի գործունեությունը, ու դա կապի և տրանսպորտի նախարարության գործառույթի մեջ է մտնում:
Դրա համար էլ դեռ օրեր առաջ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը ևս հայտնել էր, որ իրենք տնտեսվարողներից դիմում ստացել են և ընթացք են տվել: «Անվանական չգիտեմ, բայց տնտեսվարողներից բողոք ենք ստացել, հիմա ուսումնասիրություն ենք իրականացնում, այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասել էր Շաբոյանը:
Թերթի աղբյուրի համաձայն՝ ՀՀ կապի և տրանսպորտի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին Սերժ Սարգսյանն ասել է, թե «Գագիկ, էնպես արա՝ նորմալ փակես հարցը»:
Բեգլարյանն էլ Սարգսյանի խոսքերից անմիջապես հետո նախարարության իրավաբանական վարչության պետին հանձնարարել է զբաղվել այդ գործով և սեղմ ժամկետներում զեկուցել իրեն:
Գագիկ Բեգլարյանի մամլո խոսնակ Անժելա Մարտիրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ նախարարությունը նման բողոք ստացել է դեռևս հունիսի 21-ին՝ «Տրանս կոմֆորտ» ընկերության կողմից, որտեղ նշված է, թե դիմողը Ա. Բաղդասարյանն է: Բեգլարյանի խոսնակը նշել է, որ Բաղդասարյանի կողմից ուղարկված գրության հիման վրա կապի և տրանսպորտի նախարարությունն արդեն քննություն է իրականացնում, և ավարտից հետո լրացուցիչ կտեղեկացնեն:
Թերթը ընդգծում է, որ Պալաչն իր դիմում-բողոքը գերատեսչություններին ներկայացրել է մեկ ուրիշի անուն-ազգանունով, քանի որ ինքը «բողոք գրող տղա չէ»:
Նա ապրում է այլ արժեքներով՝ «սրբության դեմ չի բողոքում»: Ու դա էր պատճառը, որ Արթուր Հարությունյանը, պատասխանելով թերթի հարցին, ասել է, թե ինքը տեղյակ չէ դիմումից. «Դիմեք կառավարությանը»:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդը» հիշեցնում է, որ Հարությունյանն իր միջնորդավորված դիմումում նշել է, որ նույն հաջողությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող էր բարեգործական երթուղի աշխատեցնել երթուղիներով, որոնք պատկանում են նրա փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին:
Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություններ խնդրեց նաև Գագիկ Ծառուկյանից: Վերջինիս խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ արդեն 10 տարուց ավելի է՝ Ծառուկյանը բարեգործություններ է անում, և դրանք Արթուր Հարությունյանի հետ որևէ առնչություն չունեն: